Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-10-2018
Մոմավառություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի բազում երկրպագուներ հոկտեմբերի 1-ին՝ երեկոյան, Երեւանի՝ նրա անունը կրող հրապարակում հարգանքի տուրք մատուցեցին շանսոնյեի հիշատակին:
Ազնավուրի հրապարակում անցկացվեց մոմավառություն, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, լեգենդի բազում երկրպագուներ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի աստղի շուրջ: 



Լեգենդար երգիչը մահացավ հոկտեմբերի 1-ին: Ազնավուրը ծնվել է 1924 թ. Փարիզում (Սեն Ժերմեն դես Պրես): Հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում, արմատներով՝ Էրզրումից, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր՝ Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Կնոջ հետ, ով դերասանուհի էր, Միշան որդուն վաղ տարիքից ծանոթացրեց թատրոնի աշխարհի հետ: Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով: Այդ տարիներին սկսել է հանդես գալ «Ազնավուր» բեմական անվամբ: 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում: 1944 թ. առաջին «Ես հարբած եմ» երգը՝ Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել: Երգչի աստեղային ժամը եկել է 1946 թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվել է նրան իր հետ տանել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում շրջագայությունների: 1956 թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթ ունենալուց հետո համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը: 



Հեղինակել է շուրջ 1000 երգ, որոնց մի մասը երգահան Ժորժ Կառվարենցի համահեղինակությամբ են, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մայրիկ», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» եւ այլն: Դրանց կատարողներից են եղել Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք: Վաճառել է ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակ: 

Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` ճանաչվել է «Դարի արվեստագետ»` 149 հազար ձայնով: Նկարահանվել է բազմաթիվ համաշխարհային ճանաչված ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958 թ.), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960 թ.), «Սատանան եւ տասը պատվիրանները» (1962 թ.), «Արարատ» (2002 թ.) եւ այլն: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը եւ անգնահատելի օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ աղետի գոտուն: Բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում (1964 թ., 1996 թ., 2006 թ., 2014 թ.): Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Հայոց ցեղասպանության (1915 թ.) 60-ամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը: Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:



Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի մի շարք բարձրագույն պետական պարգեւների: 1997 թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո սեզար» պետական պարգեւի, նաեւ պարգեւատրվել է Արցախի «Գրիգոր Լուսավորիչ» եւ «Թեքեյան» մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: Գյումրիում կանգնեցված է Շառլ Ազնավուրի արձանը` իր իսկ անվան հրապարակում, նրա անունով է կոչվել Երեւանի հրապարակներից մեկը, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը: 2004 թ. նրան շնորհվել է ՀՀ Ազգային հերոսի պատվավոր կոչում: 2009 թ. Երեւանում բացվել է Ազնավուրի թանգարանը: Նույն թվականից եղել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն ու Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը: Եղել է նաեւ Հայաստանի մշտական դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2017 թ. Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվել է նրա անվանական աստղը: Երգիչը վերջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել 2018 թ. սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում: