Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 03-10-2018
Դիլիջանում գործող սոցիալական ձեռնարկատիրությունում երիտասարդ կանայք ե՛ւ աշխատում, ե՛ւ զարգացնում են իրենց հմտությունները
«ARMENECOOP» սոցիալական ձեռնարկատիրությունում մի խումբ երիտասարդ տեղացի կանայք իրականացնում են կարուձեւի փորձառություն:
Նրանք ստեղծում են ձեռագործ գրչատուփեր եւ դիլիջանյան թեմաներով պայուսակներ։ Բացի կանանց շրջանում գործազրկության նվազեցման նպատակից՝ ծրագիրն ունի տուրիզմի զարգացումը խթանելու հեռանկար։



Գործազրկության մակարդակի կրճատման եւ զբաղվածության, ուսումնական ծրագրեր իրականացնելու համար առաջին հերթին նպատակային խումբ դիտարկվեցին երիտասարդ կանայք: 2016 թվականին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց մի ծրագիր, որի թիրախային տարիքային խմբում ընտրվել էին 25-34 տարեկան գործազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների կանայք եւ աղջիկները: Այդ խումբը պատահական չէր ընտրվել, քանի որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ գրանցված գործազուրկների 25-34 տարեկանների խմբում 72.8%-ը կանայք են: Ընտրված կանայք աշխատում են Դիլիջանի «ARMENECOOP» սոցիալական ձեռնարկատիրության գրասենյակում:


 
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության տեղական ծրագրերի ղեկավարը եւ «ARMENECOOP» սոցիալական ձեռնարկատիրության ղեկավար Աիդա Աթաբեկյանը պատմում է, որ նախ իրականացվել է դասընթացների անվճար շարք, իսկ հետո հիմնվել է կարի արտադրությունը: Դասընթացներն իրականացնելու համար որոշակի աջակցություն է տրամադրել նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: 
 
«Ի սկզբանե սա եղել է հասարակական փոքրիկ ծրագիր, այլ ոչ թե բիզնես նախագիծ: Հետո այն դարձրել ենք սոցիալական ձեռնարկատիրություն: Ներգրավված բոլոր երիտասարդ կանայք եւ աղջիկները զարգացնում են կարուձեւի իրենց հմտությունները, ինչպես նաեւ ինքնավստահություն, անձնական աճի հնարավորություն ձեռք բերում»,- կարեւորում է Աիդա Աթաբեկյանը։ Նա նշում է նաեւ, որ Դիլիջանում տեղական հուշանվերներ գրեթե չկային, եւ դա էր պատճառը, որ արտադրամասում սկսեցին կարել պրակտիկ զբոսաշրջային պրոդուկտներ՝ հիմք դնելով առաջին «Made in Dilijan» արտադրատեսակին:



Ծովագյուղում ծնված Աստղիկ Ամիրխանյանն ամուսնությունից հետո տեղափոխվել է Դիլիջան, եւ արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է կարի արտադրամասում: Իր հետ աշխատող կանայք էլ հիմնականում ամուսնացած եւ փոքրիկ երեխաներ ունեցող մայրիկներ են, սակայն ինչպես նշում է Աստղիկը, աշխատանքը չի խանգարում ընտանիքի հոգսերը հոգալուն: 

«Արդեն հմտացել ենք. կարում, պատրաստում ենք պայուսակներ, գրչատուփեր: Սպասելիքներս իրականացվել են: Եթե անհրաժեշտություն է լինում, աշխատանքը շարունակում եմ նաեւ տնային պայմաններում: Մենք մեր արտադրած իրերը նույնպես հաճույքով օգտագործում ենք: Իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունեցավ այս ծրագիրը: Ես զարգացնում եմ իմ հմտությունները, նոր, հետաքրքիր ծանոթություններ եմ ձեռք բերում»,- ասում է Աստղիկ Ամիրխանյանը:



«Իմ Հայաստան» ծրագրի հետ արտադրամասում մշակվեց նաեւ կարուձեւի տուրիստական փորձառություն։ Աշխատակիցներն այցելուներին են ներկայացնում տարբեր կարի մեքենաների հնարավորությունները, օգնում փորձել կարի տարբեր տեսակներ եւ այլն։