Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-10-2018
Գերմանիայի միասնության օրը նշվեց Հերբերտ Մայերի «Ով ենք մենք» ցուցահանդեսի բացմամբ
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Երեւանում նորաբաց «Գյոթե» կենտրոնի, ՀՀ մշակույթի նախարարության, գերմանական Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի եւ քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացնում է գերմանացի արվեստագետ Հերբերտ Մայերի «Տեսողական գրադարան» լայնածավալ նախագիծը՝ շուրջ 500 ջրանկար ընդգրկող եւ «Ով ենք մենք» անվամբ ցուցահանդեսը։
Հայաստանի Ազգային պատկերասրահում հոկտեմբերի 3-ին Գերմանիայի միասնության օրվա առթիվ ելույթով հանդես եկավ ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերը․ «Գերմանիայի միասնության օրը մենք ցանկացել ենք նշել առանձնակի կերպով՝ գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերի «Ով ենք մենք» ցուցահանդեսը բացելով Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների հիասքանչ սրահում: Միասնություն, ազատություն եւ իրավունք. այս խոսքերը քիչ առաջ լսեցիք մեր ազգային օրհներգում: Ես համոզված եմ, որ Գերմանիայի եւ իր ժողովրդի համար միշտ լավ է եղել այն ժամանակ, երբ մենք հավասարաչափ պայքարել ենք հանուն այս երեք սկզբունքների: Ես կարծում եմ, որ սրանք սկզբունքներ են՝ հանուն որոնց մշտապես պետք է պայքարել եւ ոչ միայն Գերմանիայում»:
 
Դեսպանը նաեւ անդրադարձ կատարեց եւ կարեւորեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցը՝ մասնավորապես նշելով. «2018 թ.-ին այստեղ՝ Հայաստանում գտնվողներիս համար առանձնահատուկ տարի էր: Կանցլեր Անգելա Մերկելի այցը պարզորոշ դարձրեց հետեւյալը՝ այն, որ մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել նոր կառավարությանը՝ արդիականացման եւ բարեփոխումների ճանապարհին: Ներկա պահին մենք միասին աշխատում ենք»:
 
Մաթիաս Քիսլերը մեծ ուրախությամբ փաստեց իր՝ ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելը՝ շնորհակալություն հայտնելով Երեւանում նորաբաց «Գյոթե» կենտրոնին, ՀՀ մշակույթի նախարարությանը, Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանին: 
 
Նշենք, որ ներկայացված նախագիծը դասակարգվում է՝ ըստ հանրագիտարանային սկզբունքի, եւ պատկերում քաղաքակրթության մշակույթի պատմության արվեստային եւ արտահայտչական հնարավորությունները: 
 
«Տեսողական գրադարան» լայնածավալ նախագծի համար Մայերը ողջ աշխարհից եւ հազարամյակների խորքից հավաքագրել է դիմանկարներ, մարդակերպ պատկերներ: Ցուցադրված ջրանկարների ողջ լայն ընտրանին ընդգրկում է նախապատմականից մինչեւ մեր օրերը, 40.000 տարեկան «Առյուծ մարդ»-ու կերպարից մինչեւ «Դելփյան կառապան»-ը, Վերմեյերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարից մինչեւ Բիբի Աիշա անունով երիտասարդ աֆղանուհու խեղված դեմքով լուսանկարը:              
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 3-ը: 

Պատկերասրահ՝ Հերբերտ Մայերի «Ով ենք մենք» ցուցահանդեսի բացումը