Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-10-2018
«ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին». մեկնարկեց «ԴիջիԹեք 2018»-ը
Հոկտեմբերի 5-ին «Երեւան էքսպո» կենտրոնում տրվեց տեխնոլոգիական տոն համարվող «ԴիջիԹեք 2018» եռօրյա ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարները, հայաստանյան եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: 

«ԴիջիԹեք»-ն արդեն 14-րդ անգամ համախմբում է հայաստանյան եւ միջազգային ՏՏ ոլորտի առաջատարներին` հանրությանը ոլորտի նորարարություններին, ձեռքբերումներին ու զարգացման միտումներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենասպասված միջոցառումն իրականացնում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԱՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Պլատինե հովանավորը «Ucom», կրեատիվ գործընկերը՝ «PicsArt» ընկերություններն են: 

Ներկաներին ողջունեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը. «Այսօր14-րդ անգամ Հայաստանի տեխնոլոգիական հանրությունը համախմբվել է, որպեսզի եւս մեկ քայլ կատարի դեպի մեր նպատակը՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր երկրում հաղթանակի դրոշներից մի քանիսը տեխնոլոգիական համայնքն է առաջ տանում, եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ հաղթանակի դրոշի ներքո ամեն տարի հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ»:

ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ընդգծելով «ԴիջիԹեք»-ի կարեւորությունը, նշեց. «Հայաստանում շատ են թաքնված գանձերը: Շատերը չեն պատկերացնում, թե ինչպիսի ներուժ կա մեր երկրում: «ԴիջիԹեք»ը- տալիս է այդ հնարավորությունը՝ ամեն տարի միավորելով տեխնոլոգիական ընկերություններին եւ այդպիսով պատկերն ամբողջացնելով»: 

Նախարարը կարեւորեց նաեւ այն իրողությունը, որ ցուցահանդեսին մարդիկ ներկայանում են ընտանիքներով` հատկապես երեխաներին հայկական ընկերությունների ձեռքբերումներին ու ներուժին ծանոթանալու հնարավորություն ընձեռելով: 

«ՀՀ հետագա զարգացման համար մենք ուղիներ ենք նախանշում. մենք ուզում ենք ունենալ սպասարկո՞ղ, ծառայո՞ղ, թե՞ ստեղծագործող արտադրող, արտադրանքն աշխարհին մատուցող եւ դրանով աշխարհը փոխող ժողովուրդ: Կարծում եմ՝ մեր նպատակները հստակ են: Նորանոր հաջողություններ եմ մաղթում «ԴիջիԹեք»-ին»,- նշեց նախարարը: 

«Ucom» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ տեղեկացրեց, որ 2019 թ.-ին Հայաստանում չափազանց կարեւոր իրադարձություն է սպասվում. հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կանցկացվի «ՏՏ համաշխարհային համաժողովը»: Ի դեպ, հենց այդ իրողությամբ է պայմանավորված նաեւ «ԴիջիԹեք 2018»-ի խորագիրը՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին»:

«ԴիջիԹեք 2018»-ի պատվավոր հյուրերի թվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի» (WITSA) նախագահ Իվոն Չունը եւ գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը, ինչպես նաեւ WITSA տնօրենների խորհրդի անդամներ՝ շուրջ 40 երկրներից: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի» (WITSA) նախագահ Իվոն Չունը եւս ողջույնի խոսք ասաց: Նա կարեւորեց «ԴիջիԹեք»-ի, ինչպես նաեւ 2019 թ․-ին Երեւանում «ՏՏ համաշխարհային համաժողովի» անցկացումը՝ հույս հայտնելով, որ ներկաներին կտեսնի նաեւ այնտեղ: Նա իր երախտագիտությունը հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ բոլոր հովանավորներին: Իվոն Չուն ելույթն ավարտեց՝ նշելով, որ սիրում է Հայաստանն ու հայերին եւ աշխարհին խաղաղություն է մաղթում: 

Հավելենք, որ ցուցահանդեսին մասնակցում են «Ucom», «PicsArt», «VOLO», «ArmSoft», «GG» եւ մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ Արցախի շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ: Մասնակից ընկերությունների եւ ծրագրերի թիվը շուրջ 120 է: 

Պատկերասրահ՝ ԴիջիԹեք 2018