Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 06-10-2018
Յասմինա Ռեզայի դրամատուրգիան կներկայացվի Հայաստանում
Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:
«Սաթէ-Աթղը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին եւ հանդիսատեսին ճանաչելի դարձնել Ֆրանսիայի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները: Նախագծի ղեկավարն է բեմադրիչ եւ թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը:



Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը նշեց, որ շատ են կարեւորում  Յասմինա Ռեզայի պիեսների թարգմանությունը, քանի որ դա նախարարության ռազմավարական ուղղություններից մեկն է. «Հուսանք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան փաստեց, որ նախագիծը հնարավորություն է ընձեռում հայերեն եւ ֆրանսերեն բեմադրությունների ցուցադրության համար, ինչը կարեւոր է ֆրանսերենի, ինչպես նաեւ հայոց լեզվով ֆրանսիական մշակույթի տարածման համար: 



Նշենք, որ Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված եւ բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով քիչ է հայտնի հայ եւ ֆրանսիացի հանդիսատեսին: 

Բացի բեմադրություններից՝ նախագծի շրջանակում կկազմակերպվեն նաեւ վարպետության դասընթացներ ֆրանսերեն ուսումնասիրողների համար: Կթարգմանվի եւ «Զանգակ» հրատարակչության կողմից կներկայացվի Յասմինա Ռեզայի վեց պիես: «Սաթէ-Աթղը» թատերական միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաեւ Սեւանում: «Սպանդի Աստվածը» բեմադրությունը կներկայացվի նաեւ Գորիսում: