Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 10-10-2018
Մուշուրբայի վարպետը. կլկլան բաժակի պատմությունը
Պղնձից յուրատեսակ բաժակ է մուշուրբան, որը ոչ միայն ջուրը սառն է պահում, այլեւ խմելուց էլ ձայն է հանում՝ կլկլոց: Այդ պատճառով էլ բաժակը երբեմն անվանում են «կլկլան»: Մուշուրբան Գյումրիի այցեքարտն է: Միայն գյումրեցի վարպետներն են, որ կարողացել են բաժակը դարձնել կլկլան: Գյումրիում է ապրում այն միակ վարպետը, ով տիրապետում է այդ արհեստին: Նա Էդվարդ Ժամկոչյանն է:

- Կպատմեք, թե ինչու որոշեցիք շարունակել Ձեր պապերի գործը եւ մուշուրբա պատրաստել:

- Երբ որ աչքդ բաց ես անում եւ տեսնում ես արհեստը, եթե մի քիչ էլ քթածակ ունես, դու արդեն մեխանիկորեն այդ արհեստը սովորում ես: Հետո էլ, երբ այդ արհեստը նաեւ ապրելու հնարավորություն է տալիս, պիտի արդեն շատ մեծ ուրախությամբ այն անես:



Մուշուրբա առաջին անգամ պատրաստել են վարպետ Էդիկի պապը եւ պապի եղբայրը: Նա շատ լավ է հիշում, թե որքան են սիրել իր պապի հորեղբորը, հարգել եւ պատվել նրան: Մուշուրբայի առաջին, իսկական եւ հմուտ վարպետը եղել է Էդիկի հոր հորեղբայրը՝ Վահան պապը: Վարպետ Վահանի պատրաստած մուշուրբաներն այսօր Կումայրու Երկրագիտական թանգարանում են ցուցադրված: 

Վարպետ Էդիկն արհեստանոցում միշտ օգնել է իր հայրիկին: Սակայն միայն այն բանից հետո, երբ աշխատավայրը, որտեղ աշխատում էր, փակվել է, եւ նոր աշխատանք գտնելու խնդիր է առաջացել, կնոջ եւ երկու երեխաների մասին հոգ տանելու համար որոշեց աշխատել հայրիկի հետ: Այդ ժամանակ էլ հայրը առաջին անգամ թույլ տվեց, որ Էդիկն ինքնուրույն պատրաստի մեկ բաժակ՝ սկզբից մինչեւ վերջ:



- Թողեց, որ մենակ պատրաստեմ: Վերջում էլ ասաց. «Ապրես, Էդի՛կ ջան»: Եվ արդեն 48 տարի է, ինչ ես մուշուրբա եմ պատրաստում,- վերհիշում է վարպետը:

Վարպետ Էդիկի հետ մուշուրբայի մասին զրուցելու համար ամենից հարմար վայրը նրա տունն է: Տուն, որի մեծ մասը ծառայում է որպես արհեստանոց: Նա զրուցում է, պատմում մուշուրբայի եւ իր գերդաստանի պատմությունը, ցույց տալիս, թե ինչպես են պատրաստում գյումրվա մուշուրբան. «Էսպես չագուչով զարկում ենք, որ էսիք երգարի, էսիք էլ կլորնա»:



Էդիկի պապերը գաղթել են Էրզրումից 1895-1896 թվականներին. «Մի հատ ջորի են առել՝ կաչկով: Բարձել են էդ կաշկի վրա գործիքները, յորղան-դոշակը, ոսկի-մոսկին եւ եկել են: Երեք-չորս տարի շրջել են ամբողջ Հայաստանով, եւ վերջում արդեն պապս որոշել է, որ ամենալավ տեղը Ալեքսանդրապոլն է՝ Գյումրին, եւ եկել են այստեղ: Հայրս ծնվել է Ալեքսանդրապոլում՝ Մոճորենց տանը: Աշխատանքային գործիքները, ինչպես ասացի, նույնպես իրենց հետ բերել են Էրզրումից, իմ ձեռքի գործիքների մեջ էլ դրանցից կան: Կան գործիքներ, որոնք հիմա թանգարանում են: Դրանք էլ բերել են Էրզրումից, բայց գործի համար պետք չեն, այդ պատճառով հանձնել եմ թանգարանին»: 

Մի բաժակ պատրաստելը տեւում է 8 ժամ: Մեկ օրում Էդիկը պատրաստում է մեկ բաժակ: 



-Սա հայրիկիս պատրաստածն է՝ 50 տարվա բաժակ է. պատրաստել է մոտ 1970 թվականին: Կլկլան ձայնը գալիս է անցքերից, երբ ջուրը խմում ես, օդը դուրս է գալիս, ինչի պատճառով էլ կլկլոց է գալիս: Ամեն բաժակի վրա գրում եմ անվանս եւ ազգանվանս առաջին տառերը: Մուշուրբա ավելի շատ գնում են տեղացիները, քանի որ այս յուրօրինակ բաժակները հետաքրքիր եւ ավանդական նվերներ են բոլորի համար:  

Վարպետ Էդիկը վստահ է՝ իրենց գերդաստանում մուշուրբայի արհեստը շարունակվելու է փոխանցվել սերնդեսերունդ: Նա պատրաստման եղանակի գաղտնիքները փոխանցել է իր որդուն՝ Վահանին, ում անունը դրել է ի պատիվ իր հոր հորեղբոր՝ վարպետ Վահանի: 

Չնայած տարիքին՝ վարպետ Էդիկն ամեն օր մուշուրբա է պատրաստում՝ առանց հոգնություն զգալու. չէ՞ որ նա միակն է, ով իր նախնիներից ժառանգել է մուշուրբա պատրաստելու հմտությունը: Ժամկոչյանների ընտանիքի անդամների պատրաստած մուշուրբաները Գյումրիի խորհրդանիշներից են եւ գյումրեցիների արհեստագործության պատմության կարեւոր մասնիկները: Եվ զարմանալի չէ, որ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում կարելի է տեսնել մեծ եւ ոսկեգույն մուշուրբան, որը շատերը լուսանկարում են, արձանագրում Գյումրիի այցեքարտը համարվող գավաթի մեծ տարբերակը: