Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-10-2018
Արենի գինու փառատոնին թեւածում էր Շառլ Ազնավուրի շունչը
Արենի գինու փառատոնն այս տարի նվիրվեց լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին:
Հոկտեմբերի 8-ին «Արենի փառատոն» հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի եւ համայնքների միության աջակցությամբ 10-րդ անգամ կազմակերպեց «Արենի գինու փառատոնը»:

Փառատոնի երաժշտական գործընկերն էր «Paparazzi Group»-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։ Գինու փառատոնն այս տարի եւս անցկացվում էր Վայոց ձորի Արենի գյուղում:

Փառատոնի ընթացքում գյուղի ամբողջ երկայնքով տեղի եւ հարակից շրջանների բնակիչները ներկայացնում էին իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները:

Հատուկ ձեւավորված եւ առանձնացված տարածքում  գինեգործները ներկայացնում էին շուրջ 100 տեսակի գինիներ, ռեստորաններն առաջարկում էին հայկական եւ միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված էր պանիրների լայն տեսականի եւ այլն:

Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայկական գինի արտադրողների եւ այլ ծառայություններ մատուցող ընկերությունների համար՝ ներկայանալու հայ եւ միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերելու եւ մարքեթինգային այլ ակցիաներ իրականացնելու առումով:

Նշենք, որ փառատոնը մարդաշատ էր. բազմության մեծ հոսք շտապում էր այդ բացառիկ իրադարձության մասնակիցը դառնալու:

Արենի գինու փառատոնին թեւածում էր Շառլ Ազնավուրի շունչը, տարածքի ամբողջ երկայնքով հնչում էին լեգենդար շանսոնյեի երգերը: 

Հավելենք, որ միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը՝ որպես գինու օրրան, ինչպես նաեւ խթանել համայնքներում խաղողագործութունը եւ բնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Արենի գինու փառատոնը 2009 թվականից կազմակերպվում է Վայոց ձորի Արենի համայնքում։

2011 թ․ Արենի գյուղի մոտ գտնվող Արենի-1 քարանձավում հնագետները բացահայտել են ամենահին գինեգործարանը, որը 6000 տարեկան է։ Հայ գինեգործները այսօր վերականգնում են Հայաստանի գինեգործության ոլորտը՝ օգտագործելով  տեղական խաղողի տեսակները։ 

Արենի գինու փառատոնը Հայկական փառատոների ասոցիացիայի անդամ է։

Պատկերասրահ՝ «Արենի գինու փառատոն» - 2018