Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-10-2018
Ներկայացվեց «Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այս օրերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում տարբեր միջոցառումներ են իրականացվում:

Հոկտեմբերի 9-ին ֆրանկոֆոն ավանում կրկին բացվեցին մասնակից պետությունների մշակութային բազմազանությունը, արժեքները ներկայացնող տաղավարները՝ հյուրընկալելով հետաքրքրասեր այցելուներին: 

Օրվա իրադարձությունների շարքում առանձնահատուկ էին  հատկապես երիտասարդական միջոցառումները՝ մասնավորապես «Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացումն ու թվային հավելվածի մեկնարկը: 

Միջոցառման մասնակիցները ջերմությամբ հյուրընկալեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին։

«Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես վստահ եմ, որ այս ծրագրի շնորհիվ բոլոր ֆրանկոֆոն երկրների, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդությունը պետք է համախմբվի: Այն թրեյնինգները, որոնք անց են կացվելու, խթան կհանդիսանան ֆրանկոֆոն երկրների զարգացման համար, եւ վստահ եմ՝ մեր երիտասարդությունն իր որոշիչ դերը կունենա այդ հարցում: Ողջունում եմ բոլորին՝ մեր հյուրերին: Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ մեր հնագույն երկիր»,- իր ելույթում նշեց Գաբրիել Ղազարյանը: 

«Ազատ միասին» երիտասարդական նախաձեռնությունը 2016 թ.-ին ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցի կողմից: 

«Այս ծրագիրը ներմուծվել է ամբողջ ֆրանկոֆոն աշխարհում, եւ մեր բազում ջանքերի գնով այն «բերել ենք» նաեւ Հայաստան,- Eritasard․am-ի թղթակցին փոխանցեց «Ազատ միասին» շարժման  հայաստանյան ծրագրի առաջին թրեյներներից Մարգարիտա Խաչատրյանը, ապա հավելեց,- ծրագրի նպատակը ոչ ֆորմալ կրթության միջոցով հարգանքի, համերաշխության, ազատության եւ այլ կարեւոր արժեքների տարածումն է: Դրանք միայն գեղեցիկ բառեր չեն: Այսինքն՝ մենք ոչ թե պարզապես ասում ենք, որ պիտի լինենք ազատ, այլ որոշակի վարժությունների միջոցով փորձում ենք հասնել արդյունքի»: 

Խոսելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցության մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Քանի որ նախաձեռնությունը երիտասարդական է, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը կապ է հաստատել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: Փորձ է արվում ծրագիրը ներդնել Հայաստանում, իսկ առանց նախարարության աջակցության դժվար կլիներ այն իրականացնել»: 

«Ազատ միասին» շարժման հայաստանյան ծրագրի թրեյներ Զոյա Թորոսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց ծրագիրը՝ կարեւորելով երիտասարդության կողմից համերաշխության, ազատության եւ այլ արժեքների գնահատումն ու արժեւորումը. «Օգոստոսին Հայաստանում տեղի է ունեցել ծրագրի վերապատրաստողների վերապատրաստում, այժմ մեր երիտասարդներն իրենք կարող են թրեյնինգներ իրականացնել: Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Ազատ միասին» շարժումը: Ամբողջ նյութը թարգմանվել է հայերեն: Շուտով այն  կտարածվի կայքերի միջոցով, գքրի տեսքով եւ հասանելի կլինի բոլորին»: 

Ինչ վերաբերում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությանը, ապա Զոյա Թորոսյանը հույս հայտնեց, որ հատկապես ծրագրի տարածման փուլում այն ավելի սերտ կլինի: 

Զրուցեցինք նաեւ օգոստոսին տեղի ունեցած վերապատրաստողների վերապատրաստման դասընթացի մասնակից Սաթենիկ Մկրտչյանի հետ. «30 հոգանոց խմբով մասնակցել ենք դասընթացների եւ արդեն կարող ենք ինքներս թրեյնինգներ իրականացնել: Ինչպես այսօր՝ միջոցառման ժամանակ, բեմից նշվեց, մենք դարձել ենք «Ազատ միասին»  շարժման դեսպաններն ամբողջ աշխարհում: Հայաստանում պետք է տարածենք ամենակարեւոր արժեքները, պետք է հասկանանք, որ մենք կարող ենք լինել տարբեր, բայց ապրել ազատ եւ միասին»:

Պատկերասրահ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով. «Ազատ միասին»