Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-10-2018
Հայկական էթնիկ երաժշտությունը հնչեց դհոլահար եւ դուդուկահար քույրերի կատարմամբ
Մեկի ձեռքին դուդուկն է, մյուսը դհոլով է լրացնում: Բեմում Անահիտ եւ Աննա Մխիթարյան քույրերին միավորել է հայկական էթնիկ երաժշտությունը:
Հոկտեմբերի 9-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Մխիթարյան քույրեր (դհոլահար եւ դուդուկահար) եւ ընկերներ» էթնո երաժշտախմբի համերգը: Նրանք Կոմիտասի, հայկական ժողովրդական եւ աշուղական ստեղծագործությունները ներկայացնում էին նորովի, ինչպես նաեւ ջազային մշակումներով: 

Աննա Մխիթարյանը փաստում է, որ իրենց նպատակը հայկական մշակույթն արժանվույն ներկայացնելն է, եւ հատկանշական է, որ հայկական էթնիկ ստեղծագործությունները հնչում են հենց Ֆրանկոֆոնիայի օրերին, որը խաղաղության, սիրո յուրօրինակ քարոզ է. «Աշխարհում ամենակարեւորը սերը եւ ընկերությունն են եւ շնորհակալ լինելու զգացումը: Բեմում այս երաժշտական ընտանիքն էլ ձեւավորվել է՝ հիմքում ունենալով սերն ու ընկերությունը»:

Հանդիսատեսը ջերմ ընդունեց երաժիշտներին, ինչի վկայությունն անդադար հնչող ծափահարություններն էին:

Համերգի ավարտին eritasard.am-ի հետ զրույցում Աննա Մխիթարյանն անդրադարձավ ստեղծագործությունները ներկայացնելու իրենց առանձնահատկություններին. «Ցանկացած ստեղծագործություն, որ կատարում ենք, նախ մոտենում ենք տվյալ կոմպոզիտորի տեսանկյունից, թե ինչպես է նա մտածել, որ գրել է այդ ստեղծագործությունը, այնուհետեւ փորձում ենք մեր չափով ինչ-որ բան ասել»:

Պատկերասրահ՝ «Մխիթարյան քույրեր եւ ընկերներ» էթնո երաժշտախմբի համերգը