Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-10-2018
«Մշակույթները միաձուլվել են մեկ վայրում, որի հասցեն է՝ Երեւան, Ազատության հրապարակ»
Eritasard.am-ը շարունակում է հետեւել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:
Հոկտեմբերի 10-ին կրկին այցելեցինք ֆրանկոֆոն ավան, որտեղ արդեն 4-րդ օրն է՝ տարաբնույթ համերգային եւ մշակութային այլ միջոցառումներ են իրականացվում: 

Eritasard.am-ի խնդրանքով Ֆրանկոֆոնիայի աշխատանքները համակարգող շտաբի ներկայացուցիչ Լուսինե Փիրոյանը ներկայացրեց օրվա հետաքրքիր իրադարձությունները. «Առավոտից ֆրանկոֆոն ավանում նույն ջերմությամբ ու ոգեւորությամբ շարունակվում են միջոցառումները: Ողջ օրվա ընթացքում Ֆրանկոֆոնիայի տաղավարում հանդիպումներ եւ քննարկումներ են տեղի ունենում: Այսօր հետաքրքիր նորություններով են հանդես եկել Քվեբեկի եւ Ֆրասնիայի տաղավարները: Մթնոլորտն ավելի ջերմ է, այցելուների թիվն էլ ժամ առ ժամ ավելանում է: Ես նույնիսկ տեսնում եմ մարդկանց, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ են այցելում Ֆրանկոֆոն ավան»: 

Լուսինե Փիրոյանի խոսքով՝ այսօր Ֆրանկոֆոն ավան են ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային թատերախմբի ներկայացուցիչները, ովքեր իրենց տաղավարում ներկայացումներ են ցուցադրում: Օրվա կարեւոր իրադարձություններից են նաեւ ԱՄԷ-ի տաղավարի ներկայացուցիչների ելույթները. «Այսօր Ֆրանսիայից ժամանած թատերախմբի ներկայացուցիչները հետաքրքիր ֆլեշմոբ իրականացրին, որի ընթացքում մեծ տիկնիկներ շրջեցին ամբողջ տարածքում: Այդ ֆլեշմոբը հնարավորություն ընձեռեց  զգալու այլ երկրների մշակույթի շունչը: Կարելի է ասել՝ այս օրերին տարբեր երկրների մշակույթները միաձուլվել են մեկ վայրում, որի հասցեն է՝  Երեւան, Ազատության հրապարակ»: 

Կանադայի տարածքում ամենամեծ՝ Քվեբեկ նահանգի տաղավարն այսօր կրկին մարդաշատ էր: Զրուցեցինք մեր հայրենակից Մանուկ Ալեմյանի հետ, ով ծնվել է Քվեբեկում. «Ես եկել եմ Քվեբեկի պաշտոնական պատվիրակության հետ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ներկայացնեմ Քվեբեկը: Օգնում եմ նաեւ թարգմանության գործում, որպեսզի մեր պատվիրակությունը հնարավորինս լավ ճանաչի Երեւանը, Հայաստանը եւ հայկական մշակույթը: Տաղավարը մի  քանի մասերից է բաղկացած: Ունենք Virtual reality video, ինչը հնարավորություն է ընձեռում դիտելու Քվեբեկի 4 տարբեր տեսարժան վայրեր: Ամեն ինչ այնքան իրական է, դիտողն ասես այնտեղ է հայտնվում: Գեղեցիկ տեսարանները վայելելուն զուգահեռ՝ այցելուներն ունկնդրում են Քվեբեկում հայտնի երգիչ Ժան Լուի երգերից մեկը՝ մեկնաբանված 4 տարբեր արտիստների կողմից: Շատ հաջող ծրագիր է, այստեղ գրեթե միշտ հերթեր են գոյանում: Ունենք ինֆորմացիոն կենտրոն, որտեղ սիրով պատասխանում ենք այցելուների բոլոր հարցերին: Տաղավարի երրորդ մասում ներկայացված է Քվեբեկի ձմեռային ձկնորսությունը: Այստեղ եւս մեծ հերթեր են գոյանում»: 
Ֆրանսիայի տաղավարը եւս ողջ օրվա ընթացքում բազում այցելուների է հյուրընկալում: Մեծությամբ երկրորդն է՝ Հայաստանի տաղավարից հետո:

«Տաղավարը մի քանի մասերից է բաղկացած: Առաջին հատվածում ֆրանսիական բիզնես ընկերություններն են, որոնք ներկայացված են Հայաստանում: Երկրորդ տաղավարում ներկայացված են ֆրանսիական խաղեր: Մյուս հատվածում ֆրանսիական ուսումնական հաստատություններն են՝  Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայկական ալյանս ֆրանսեզ լեզվի կենտրոնը, հայ-ֆրանսիական ուսումնարանը: Ուսումնարանի սաները վերջին տաղավարում ցուցադրում են իրենց խոհարարական եւ վարսահարդարման հմտությունները: Ունենք նաեւ կոնֆերանս տարածք, որտեղ տարբեր ֆիլմեր ենք ցուցադրում»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրասնիայի տաղավարի համակարգող-պատասխանատու Մարտին Հարությունյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ Ֆրանսիայի տաղավարը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես տեղացիների համար: 

Պատկերասրահ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով. «Ես խոսում եմ ֆրանսերեն, իսկ դո՞ւք»