Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-10-2018
Մաննե․ «Երեւանին նայում եմ որպես կինեմատոգրաֆիկ քաղաք»
Չնայած երիտասարդ տարիքին՝ ռեժիսոր Մաննեն բազմաթիվ հաջողություններ է գրանցել, սակայն գլխավոր եւ առաջնային հաջողությունը նա համարում է իր կուրսային աշխատանքը։
Ուսանելով Ռուբեն Գրիգորյանի արվեստանցում՝ Մաննեն ծանոթացել է մասնագիտական գաղտնիքներին։ Նրա «Ադապտացիա» ֆիլմը հաջողություն է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլեւ միջազգային ասպարեզում։



Կուրսային աշխատանք «Ադապտացիա» ֆիլմի նկարահանումներն արվել են Երեւանի փողոցներում, շենքերում, գործարաններում, տարբեր անկյուններում․ «Ես իմ երկրորդ կեսի՝ Արարատ Գրիգորյանի հետ ամբողջ տարին շրջում էի Երեւանի փողոցներով եւ նկարահանում այս ֆիլմը։ Մենք սկզբում կարծում էինք, որ ֆիլմը պետք է լինի արտագաղթի մասին, սակայն նկարահանումների ընթացքում հասկացանք, որ այստեղ շատ թեմաներ ու ենթասյուժեներ են զարգանում, որոնց վրա կարելի է կենտրոնանալ։ Հրաժարվեցինք արտակադրային տեքստից։ Պրոդյուսերի առաջարկով «Ադապտացիա» ֆիլմի սկիզբը դարձավ պարզապես մի քանի բառերով կառուցված դրվագ»։



«Ադապտացիա»-ն Երեւան քաղաքի իմպրեսիոնիստական դիմանկարն է, որտեղ արտացոլված է ժամանակի (2017 թվական) պատկերը։ Ֆիլմի հերոսները հարմարվում են իրենց խնդիրներին, միապաղաղ կյանքին, սեւ ու սպիտակ քաղաքին, բարեգործական ճաշարանում տարածվող անհամ ճաշի հոտին ու արտագաղթին, քաղաքի անկյունների տարբեր ռիթմերին, անվերջ գնացող տրոլեյբուսին՝ երթեւեկող միայնակ ծերերով ու մուրացկաններով։ Այդ մարդկանց համախմբողը հավատն է առ Աստված:

«Ադապտացիա»-ն 2018 թ․-ին արժանացավ մի քանի մրցանակների․ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ, 2018 թ․ տարվա լավագույն ուսանող /պարգեւատրում ԿԳ նախարարի կողմից/, «Լավագույն վավերագրական ֆիլմ» /Յարոսլավ, Ռուսաստան/, Ժյուրիի հատուկ մրցանակ /Անթալսիա, Թուրքիա/, «Լավագույն վավերագրական ֆիլմ» /Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան/։ Ֆիլմը մրցանակների է արժանացել նաեւ Ղազախստանում, Իտալիայոմ, իսկ ահա Չինաստանում արժանացել է «Լավագույն մոնտաժ» անվանակարգին։ 



2017 թ․-ին «Ադապտացիա»-ն «Լավագույն հայկական ֆիլմ» է ճանաչվել․ «Կարծում եմ՝ Հայաստանում ամենամեծ հաջողությունն ու մրցանակը յուրաքանչյուր հանդիսատեսին հուզելն էին։ Ֆիլմի դիտումից հետո, երբ մարդիկ կիսվում էին ինձ հետ իրենց տպավորություններով, հասկանալի էր, որ իմ ասելիքը տեղ է հասել, իսկ ռեժիսորի համար դա ամենից կարեւորն է»։

Մաննեն խոստովանում է՝ սեր ունենալով կինոյի քաղաք հասկացության հանդեպ՝ Երեւանին նայում է որպես կինեմատոգրաֆիկ քաղաք․ «Այո՛, Երեւանին նայում եմ որպես կինեմատոգրաֆիկ քաղաք։ Այստեղ այնքան թեմա կա, այնքան անկյուն ու կերպար, որ 100 ֆիլմն էլ չի հերիքի, որպեսզի բացահայտվի այդ ամենը»։



Մինչ «Ադապտացիա» ֆիլմը Փարիզում, Սոֆիայում, Մինսկում եւ Ղրիմում մասնակցում է կինոփառատոների, Մաննեն նկարահանում է մեկ այլ ֆիլմ։ Այն կոչվում է «Ճայը» եւ էքսպերիմենտալ է՝ խաղարկայինի եւ փաստագրականի միահյուսում։ Մաննեն նոր ֆիլմի համար գրում է նաեւ սցենար: