Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-10-2018
5 ֆիլմեր, որոնք հոկտեմբերին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
2018-ի տասներորդ ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում հոկտեմբերին կարող եք դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:
Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմա Սթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 

«Վենոմ» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 4-ից)

Ի՞նչ կլիներ, եթե մի գեղեցիկ օր քո մեջ մտներ սիմբիոտ արարած, որը քեզ կպարգեւեր գերբնական ունակություններ։ Միայն թե Վենոմն ընդհանրապես բարի սիմբիոտ չէ, եւ նրա հետ պայմանավորվելն ուղղակի անհնար է։ Սակայն պե՞տք է, արդյոք, պայմանավորվել․ ի վերջո, մի պահ դու հասկանում ես, որ վատը լինելն այդքան էլ վատ չէ։ Այդպես անգամ ավելի զվարճալի է։ Աշխարհում առանց այդ էլ շատ են սուպերհերոսները։ Մենք Վենոմն ենք: 
 
Ռեժիսոր՝ Ռուբեն Ֆլյաշեր, դերերում՝ Թոմ Հարդի, Միշել Ուիլյամս, Վուդի Հարելսոն եւ այլք:


 

«Աստղը ծնվել է» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 4-ից)
 
Քանթրի երաժիշտ Ջեքսոն Մեյնը, ում կարիերան գլորվում է անդունդը, ծանոթանում է բոլորին անհայտ երգչուհի Էլլիի հետ։ Հերոսների միջեւ կրքոտ սիրավեպ է սկսվում։ Ջեքսոնն օգնում է Էլլիին հասնել հաջողության։ Սակայն որքան արագ է զարգանում Էլլիի երաժշտական կարիերան, այդքան Ջեքի համար ավելի դժվար է դառնում իր հանգչող փառքի հետ հաշտվելը։
 
Ռեժիսոր՝ Բրեդլի Քուփեր, դերերում՝ Լեդի Գագա, Բրեդլի Քուփեր, Սեմ Էլիոթ եւ այլք: 


«Մարդը լուսնի վրա» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 11-ից)
 
Ֆիլմի սցենարի կենտրոնում ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգն է, ով դարձավ առաջին մարդը, որ ոտք դրեց լուսնի վրա։ Ամբողջ աշխարհը գիտի նրա անունը, բայց քչերին է հայտնի՝ ինչ գնով նրան տրվեց այդ փոքրիկ քայլը, որը դարձավ մեծ թռիչք ամբողջ մարդկության համար: 
 
Ռեժիսոր՝ Դեմյեն Շազել, դերերում՝ Ռայան Գոսլինգ, Քլեր Ֆոյ, Պաբլո Շրայբեր եւ այլք: 


«Ոչ մի լավ բան «Էլ Ռոյալ» հյուրանոցում» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 11-ից)

1969 թվական։ Մի խումբ երիտասարդներ գիշերելու համար գալիս են ժամանակին հայտնի «Էլ Ռոյալ» հյուրանոց, որը գտնվում է Նեւադա եւ Կալիֆորնիա նահանգների սահմանին։ Հյուրանոցում հավաքվել են անբարեհամբույր քահանան, երգչուհի Դարլինը, փոշեկուլների վաճառողը եւ հարավից տարօրինակ աղջիկ։ Նրանց հետ գիշերը հյուրանոցում մնալու է նաեւ երիտասարդ դռնապանը։ Նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան է թաքցնում։ Դրությունն ավելի է բարդանում, երբ «Էլ Ռոյալ» հյուրանոց է գալիս կուլտի չար, բայց գրավիչ առաջնորդը, ով ուզում է ստանալ իր հասանելիքը։

Ռեժիսոր՝ Դրյու Հոդարթ, դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Ջեֆ Բրիջես, Դակոտա Ջոնսոն եւ այլք: 


«Պատրիկ» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 11-ից)
 
Սառան ուսուցչուհի է եւ ոչնչով չի տարբերվում իր տարիքի մյուս կանանցից. նույն խնդիրները, նույն անհաջողությունները կյանքում։ Սառայի մոտ հիմա ուղղակի այնպիսի քաոս է, որ պատկերացնելն անգամ դժվար է։ Նրան, բացի մենությունից, ոչինչ անհրաժեշտ չէ, եւ վերջին բանը, որ պետք է նրան, մեկ ուրիշին խնամելն է։ Սակայն Սառայի տատիկը նրան նվիրում է իր կամակոր եւ չարաճճի մոպսին՝ Պատրիկին, որն անընդհատ անհարմար դրության մեջ է դնում Սառային՝ փչացնելով նրա կյանքը։ 

Ռեժիսոր՝ Մենդի Ֆլեթչեր, դերերում՝ Բիթի Էդմոնդսոն, Էդ Սքրեյն, Էմիլի Ատակ եւ այլք: