Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Սողոմոն Մաթևոսյանի
Տեղադրվել է 16-10-2018
Համաժողովը համախմբեց մի շարք երկրների ակտիվ երիտասարդներին
Թբիլիսիում տեղի ունեցավ մի շարք երկրների ակտիվ երիտասարդների համագործակցության խթանմանը միտված համաժողով:

Հոկտեմբերի 11-13-ը «Երիտասարդների ներգրավումը եւ երիտասարդության մասնակցությունը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում. Արեւելյան գործընկերության եւ ԵՄ-ում փորձի փոխանակում» թեմայով համաժողովը միավորեց Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի եւ այլ երկրների մի շարք ակտիվ երիտասարդներին:

Համաժողովը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության (Հայաստան) եւ «Ստեղծագործական զարգացման կենտրոնի» (Վրաստան) նախաձեռնությամբ:

«Կարեւոր է, որ մենք կարողացանք միջազգային համաժողով կազմակերպել մի սեկտորալ համագործակցության տեսքով եւ այստեղ հավաքել ոչ միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այլեւ պետական սեկտորի՝ նախարարությունների ներկայացուցիչներին: Այսպես մեր երկխոսությունը կստացվի ավելի արդյունավետ եւ երիտասարդների ձայնը կհասնի որոշում կայացնողներին»,- նշում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը:

Կոնֆերանսի թիրախային խմբում ընտրվել էին տարբեր երկրների երիտասարդներ: Հիմնականում Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներն էին մասնակիցները, քանի որ այդ տարածաշրջանի պատմությունները եւ խնդիրները նման են: Հետեւաբար քննարկումներն առավել արդյունավետ են ստացվում. այդ խնդիրների լուծումները երիտասարդները միասին քննարկում են եւ միասնական լուծումներ փնտրում: 



«Համաժողովին ներկա էին նաեւ մասնակիցներ ոչ միայն Արեւելյան գործընկերության երկրներից, այլեւ ԵՄ-ից, որովհետեւ մենք կարծում ենք, որ միմյանցից սովորելու շատ բան ունենք: Այդ կոնֆերանսը մեր միասնական աշխատանքի արդյունքն է: Մենք միջազգային համագործակցության ընթացքում կարող ենք հասնել շատ ավելիին, քան յուրաքանչյուրս մեր երկրում առանձին փոքրիկ ծրագիր անենք:  Այսպես ջանքերը մեկտեղելով՝ ավելի մեծ արդյունք կարող ենք ունենալ ավելի շատ երիտասարդների համար»,- ասում է Երիցյանը:

Բոլոր օրերի ընթացքում անմիջական եւ ընկերական մթնոլորտ էր տիրում: Մասնակիցները մինչ բուն համաժողովի մեկնարկը մասնակցեցին Վրաստանի մայրաքաղաքը բացահայտող քաղաքային տուրի, որի ընթացքում ոչ միայն ծանոթացան վրացական ավանդույթներին, եղան տեսարժան վայրերում, այլեւ ձեւավորեցին ընկերական կապեր մյուս մասնակիցների հետ: Հաջորդ օրն էլ՝ հոկտեմբերի 12-ին, համաժողովի մեկնարկի ժամանակ հանդես եկան «Տիեզերք բենդի» անդամները՝ ներկաներին մատուցելով հեղինակային կատարումներ՝ համեմված հայկական ավանդական հնչյուններով:

Eritasard.am-ի հետ զրույցում Վրաստանում ԵՄ պատվիրակության երիտասարդական ծրագրերի ղեկավարը նշեց, որ հենց այսպիսի նախագծերն են նպաստում ժողովուրդների մտերմացմանը, խնդիրների մասին խոսելուն եւ դրանց լուծումներ գտնելուն, ինչն էլ կապված է երիտասարդների զարգացման հետ. «Այս նախագծերը նպաստում են ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ Եվրամիության երկրների երիտասարդական կազմակերպությունների միջեւ կապերի ամրապնդմանը: Հիմնական խնդիրներից է երիտասարդներին աշխատատեղերով ապահովելը: Այսպիսի նախագծերը նպաստում են այդ խնդիրների շուրջ քննարկմանը եւ այնպիսի ճանապարհներ գտնելուն, որոնք կօգնեն ճգնաժամից դուրս գալուն, երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավմանը եւ հենց երիտասարդների քաղաքականության ձեւավորմանը»:



Համաժողովի ընթացքում կազմվեցին չորս աշխատանքային խմբեր: Խմբերում ներգրավված մասնակիցները քննարկում էին երիտասարդներին ավելի արդյունավետ ներգրավվելու եւ մասնակցությունը խթանելու մարտահրավերները եւ տարբերակները 4 բնագավառներում՝ քաղաքականություն, կրթություն (ոչ ֆորմալ կրթություն․․․), տնտեսություն եւ բիզնես, քաղաքացիական գործունեություն (ՀԿ-ներ, մեդիա…):

Կոնֆերանսի արդյունքներն ամփոփելուց հետո լրամշակվելու են այդ չորս թեմաների վերաբերյալ առաջարկությունների փաթեթները, որոնք ներկայացվելու են մասնակից երկրներում համապատասխան նախարարություններին, իրավասու մարմիններին, ԵՄ ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին: 

«Հրաշալի տպավորություններ ունեմ: Տեսնում եմ, որ կոնֆերանսի մասնակիցների կազմում հավաքվել են շատ լավ երիտասարդներ: Շատ են երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց հետ մեր հիմնական աշխատանքներն են: Իմ կարծիքով՝ պետական եւ ոչ պետական կազմակերպությունները պետք է մշտապես համագործակցեն միմյանց հետ: Տեսնում եմ, որ շատ դրական է նաեւ կազմակերպությունների ներկայացուցիչների, կամավորների, մյուս մասնակիցների մոտեցումներն այս ծրագրին: Նրանք ակտիվ մասնակցություն եւ ոգեւորվածություն են ցուցաբերում հասարակական աշխատանքներում: Ունեմ շատ սպասելիքներ կոնֆերանսի արդյունքներից»,- ասել է Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչ Վիկտոր Սալկովը: 



Նա կարեւորում է նման համաժողովները նաեւ մասնակցության մեծ աշխարհագրության տեսանկյունից․ «Ես ինքս էլ եմ ինձ համարում երիտասարդ: Ես համոզված եմ, որ հենց երիտասարդությունն է այսօր հուշում եւ ցույց տալիս իր ծնողներին, թե ինչպես է պետք ապրել: Այստեղ է գտնվում ամենաակտիվ երիտասարդությունը: Այսօր ժամանակակից աշխարհը դա այն աշխարհը չէ, որ եղել է 15-20 տարի առաջ: Շատ կարեւոր եմ համարում այսպիսի բաց միջոցառումների իրականացումը, սակայն առավել կարեւոր է, որ դրանցում մեծ դեր են կատարում երիտասարդները. այդ ամենն արվում է նրանց համար եւ հենց նրանց մասնակցությամբ: Դա շատ կարեւոր եւ անհրաժեշտ է այսօր»: 

«Կրեատիվ զարգացման կենտրոնի» ներկայացուցիչ, համաժողովի վրաստանյան կազմակերպիչ Թամար Մամադաշվիլին նշում է, որ սպասելիքներ շատ կան. «Համաժողովը, ինչպես գիտեք, երիտասարդների մասնակցությամբ է առաջնորդվում: Սպասումներ կան, որ մասնակիցները կստանան առավելագույնը, ակտիվ կլինեն քննարկումներին, եւ իհարկե կստեղծվի ջերմ, ընկերական մթնոլորտ»:

Համաժողովի ավարտին չորս խմբերը ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները: Մասնակիցները ծրագրեցին շարունակել հետագա համագործակցությունը եւ միասին զարգացնել կոնֆերանսի ընթացքում ի մի բերված գաղափարները: 

Պատկերասրահ՝ Կոնֆերանս. «Երիտասարդները արեւելյան գործընկերության տարածաշրջանում»