Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-10-2018
42.2 կմ երկարությամբ վազքուղի. ամբողջական վազքի մարաթոն Երեւանում
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանը «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կանցկացնի «Երեւան մարաթոն» վազքի մրցույթը:
 Մարաթոնը, ըստ էության, ավանդական է, սակայն այս տարի այն առանձնահատուկ է, քանի որ առաջինն է որպես ամբողջական վազքի մարաթոն: 

«Ամենակարեւոր նորությունը, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլեւ Անդրկովկասում 42.2 կմ երկարությամբ վազքատարածքն է: Հայաստանի բնակիչները եւ մայրաքաղաքի հյուրերն ամբողջական վազքի մարաթոնին մասնակցելու եւ իրենց ուժերը փորձելու հիանալի հնարավորություն ունեն: Նպատակները բազմաթիվ են. իրականացնել ամբողջ աշխարհում ճանաչում ունեցող ձեւաչափով լուրջ սիրողական մրցույթ, առողջ ապրելակերպ քարոզել եւ այլն»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց «Երեւան մարաթոն» վազքի մրցույթի սպորտային տնօրեն Վահագն Թուխարյանը: 

Նրա խոսքով՝ այս տարի «Կոկա-կոլա Երեւան մարաթոն»-ին մասնակցելու են շուրջ 1000 օտարերկրացիներ՝ հիմնականում ՌԴ-ից, Գերմանիայից, Վրաստանից: 
 
Մարաթոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 20-ին «Best Western Congress Hotel»-ում տեղի ունեցած Expo-ի պատասխանատու Էվելինա Խաչատրյանն էլ ներկայացրեց Expo-ի նպատակը.  «Այսօրվա միջոցառման շրջանակում մարզական եւ բարեգործական 6 կազմակերպություններ ներկայանում են առանձին տաղավարներով, ինչպես նաեւ տեղի է ունենում մարաթոնի մասնակիցների գրանցում: Ամբողջական վազքի մարաթոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 2000-ից ավելի գրանցված մասնակից, սակայն գրանցումը շարունակվում է»:

Գրանցվող մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվեց վազքուղու քարտեզը, ինչպես նաեւ մեկնարկային փաթեթներ: 

Expo-ին առանձին տաղավարով մասնակցում էր «Insport» մարզաառողջարանային կենտրոնը, որի տնօրեն Դավիթ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց. «Քանի որ սա տարվա ամենակարեւոր մարզական իրադարձություններից մեկն է, «Insport»-ը եւս այստեղ է: Ներկայացնելու ենք մեր մարզաառողջարանային կենտրոնը, որն իր դռները կբացի նոյեմբերի սկզբին: Շեշտելու ենք այն հիմնական գաղափարը, որ սպորտն ապրելակերպ է, կրկին կարեւորելու ենք սպորտի եւ առողջ ապրելակերպի համակցման գաղափարը, ինչպես նաեւ փորձելու ենք մարաթոնի մասնակիցներին ներգրավել որպես մեր ակումբի անդամներ»: 

Նշենք, որ Expo-ի շրջանակում «Insport» մարզաառողջարանային կենտրոնը վիճակահանություն իրականացրեց՝ մասնակիցներին կենտրոնում մեկօրյա, մեկշաբաթյա ամբողջական ծառայություններից անվճար օգտվելու, 10% եւ 15% զեղչի հնարավորություններ ընձեռելով: 

Զրուցեցինք նաեւ մարաթոնին մասնակցելու նպատակով ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքից Հայաստան ժամանած Օլգա Սիդորովայի հետ. «Վերջին շրջանում Ռուսաստանում, վստահ եմ, նաեւ Հայաստանում վազքն առավել պահանջված ու սիրված է դարձել: Ի վերջո, այն ամենահասանելի մարզաձեւն է: ՌԴ-ում բազմիցս մասնակցել եմ վազքի մրցումների եւ որոշեցի աշխարհագրությունն ընդլայնել: Սա յուրահատուկ սպորտային ճանապարհորդություն է: Վաղը կմասնակցեմ մարաթոնին, ապա մեկ շաբաթ կշրջեմ Հայաստանում, որպեսզի ճանաչեմ հայկական մշակույթը, տեսնեմ պատմական հուշարձանները: Հայաստանում առաջին անգամ եմ, բայց գիտեմ, որ ձեր երկիրն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, գիտեմ, որ հարուստ մշակույթ ունեք ու… բարձր լեռներ»:

Պատկերասրահ՝ Երեւան մարաթոն. EXPO