Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-10-2018
2800-ամյա Երեւանում խրախուսվում է առողջ ապրելակերպը
Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներն ազդարարվեցին սպորտային մրցումներով:

Այս տարի երեւանյան մարաթոնին մասնակցել են 2400 մասնակից: Վազքուղիները հինգն էին՝ 42.2 կմ, 21.1 կմ, 11.5 կմ, 5 կմ եւ 1 կմ: Երթուղին անցավ մայրաքաղաքի կենտրոնով՝ հասնելով մինչեւ Հրազդանի կիրճ: Չկան հաղթողներ եւ պարտվողներ: Բոլոր մասնակիցները պարգեւատրվել են:

Էվելինա Խաչատրյանը «Կոկա-Կոլա Երեւանի մարաթոնի» կազմակերպիչներից է: Նա նշում է, որ բավականին շատ մասնակիցներ կան արտասահմանից՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից: Ակտիվ մասնակիցներ կան Հայաստանից: ՀՀ եռամարտի ակումբի մասնակիցները վազել են 42.2 կիլոմետր վազքուղով:

«Դա բավականին մեծ հաջողություն է, երբ քո քաղաքում կազմակերպվում է մարաթոն: Մասնակիցները հիմնականում միջինից բարձր տարիքի են, քանի որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է որոշակի պատրաստվածություն: Սակայն ունենք նաեւ 10 կիլոմետր շատ արագ վազող երիտասարդներ: Հայաստանում վազքի եւ սպորտի հանդեպ սերը պետք է ավելի շատ խրախուսել: Նպատակ ունենք, որ հաջորդ տարի եւս կանցկացվի մարաթոնը, եւ այն կկրի շարունակական բնույթ, կդառնա ավանդույթ երեւանցիների համար»,- Eritasard.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը: 

Մարաթոնի 5 կմ վազքուղում լավագույն արդյունքը գրանցել են Հարությունյան Հարությունը եւ Հարությունյան Լիլիթը, 11.5 կմ վազքուղում՝ Մկրտչյան Երվանդը եւ Սպիտսյինա Մարիան, 1 կմ մանկական վազքուղում՝ Անդրեյ Մասլովը եւ Նինա Մուրադյանը, 21.1 կմ վազքուղում՝ Մորադի Մոհամմադջաֆարը եւ Պոլտավսկա Վալենտինան, իսկ 42.2 կմ վազքուղում՝ Խախուցկի Վիկտորը եւ Վարդանյան Քրիստինեն:

Սպորտային հաջորդ միջոցառումը հեծանվավազքն էր, որը գլխավորում էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Երեւանցիները եւ քաղաքի հյուրերը մասնակցեցին Շահումյան հրապարակից մինչեւ Էրեբունի թանգարան ձգվող հեծանվավազքին: 

Մարությանը նշեց, որ իր ընտանիքը հեծանվասպորտով զբաղվել շատ է սիրում. «Ես հորդորում եմ բոլորին, որպեսզի ակտիվ զբաղվեն սպորտով: Հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլ փոխադրամիջոց, որի միջոցով կարելի է մաքուր պահել մեր սիրելի Երեւանի փողոցներն ու նաեւ առողջ լինել, ինչու չէ,  մի փոքր էլ բեռնաթափել փողոցները»:

Պատկերասրահ՝ Երևան - 2800. մարաթոն