Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Երիտասարդ գիտնականների դպրոցից
Տեղադրվել է 22-10-2018
«Տարածաշրջանային մարտահրավերները». մեկնարկել է Երիտասարդ գիտնականների դպրոցը
Հոկտեմբերի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում մեկնարկեց «Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով Երիտասարդ գիտնականների դպրոցը:
ՀՀ գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային աջակցությամբ կազմակերպված դպրոցը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 30-ը: 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Հարությունյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ արդեն 3-րդ անգամ է կազմակերպվում նմանաբնույթ դպրոց: Առաջին դպրոցը կազմակերպվել է 2015 թ.-ին՝ կենտրոնի ստեղծումից մեկ տարի անց. «Փորձում ենք ներգրավել երիտասարդների, որոնք  հետաքրքրված են տարածաշրջանում ընթացող իրադարձություններով: Դասախոսությունների թեմաների շրջանակը բավականին ընդգրկուն է. քաղաքագիտական հարցերից մինչեւ ռազմական իրավիճակ, տնտեսությունից մինչեւ գիտական, կրթական խնդիրներ: Անդրադառնում ենք  տարածաշրջանի երկրներին՝ Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, եւ քանի որ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, անդամակցում են տաբեր կառույցների, որոնք հաճախ աշխարհաքաղաքական հակադարձ կողմերում են գտնվում, նաեւ այդ համատեքստում ենք վերլուծում տարածաշրջանում առկա խնդիրները: Ձգտում ենք ոչ միայն տեղեկացնել արդիական խնդիրների մասին, այլեւ երբեմն  նաեւ առաջարկում ենք լուծումներ, մասնակիցներին համախմբում,  համատեղ աշխատանքային խմբեր ստեղծում»: 

«Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով դպրոցի մասնակիցներն այս անգամ 55-ն են՝ հիմնականում ուսանողներ, ասպիրանտներ, տարբեր գերատեսչությունների,   մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, դասախոսներ, լրագրողներ: 

Նախքան առաջին դասախոսությունը դպրոցի մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը՝ շեշտելով դպրոցի կարեւորությունը. «Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանի Հանրապետության նման փոքր երկրների համար շատ կարեւոր է ուսումնասիրել, տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում աշխարհում: Հասկանալ՝ ինչպիսի կանխատեսումներ կարելի է անել, եւ քաղաքական, վերլուծական միտքն ի նպաստ դնել մեր երկրի  անվտանգության ամրապնդմանը»: 

Նշենք, որ դպրոցի առաջին բանախոսը  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էր, իսկ դասախոսության թեման՝ «Տարածաշրջանի ռազմականացման արդի միտումները եւ մարտահրավերները»: