Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2018
Ներկայացվել են առաջարկներ ուսումնական պրակտիկայի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ
Հոկտեմբերի 25-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ամփոփիչ համաժողովը:
Ներկաներին նախ ողջունեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը: 



Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը նշեց, որ ՀՈՒԱԱ-ն շուրջ 2 տարի ուսումնասիրություններ է իրականացրել ուսումնական պրակտիկաների կազմակերպման խնդիրների վերաբերյալ. «Մեր կողմից հետազոտություններ են իրականացվել, ուսումնասիրել ենք բոլոր խնդիրները, վերլուծել բոլոր իրավիճակները, ֆոկուս խմբերով հանդիպել ենք ուսանողների  հետ, զրուցել բուհերի պրակտիկայի կազմակերպման բաժնի ղեկավարների հետ, հանրային լսումներ կազմակերպել հայաստանյան գրեթե բոլոր՝ թե՛ երեւանյան, թե՛ մարզային  բուհերում, եւ 2 տարվա աշխատանքների արդյունքում այսօր ներկայացնում ենք «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» հայեցակարգային փաստաթուղթը: Ակնկալում ենք լսել նաեւ ձեր կարծիքները փաստաթղթի վերջնական հաստատումից առաջ»: 



Սարգիս Ասատրյանցը ներկայացրեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի պատմությունը՝ հիմնադրման պահից՝ 2003 թ.-ից մինչ օրս, ասոցիացիայի անդամ բուհերի ուսանողական միությունները, գործառույթները՝ շեշտելով, որ կառույցը պայքարում է ուսանողների իրավունքների համար, բայց չի պայքարում նրանց փոխարեն: 

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի գիտակրթական հարցերով հանձնաժողովի պատասխանատու Մանյա Գրիգորյանը ներկայացրեց ընդհանուր տեղեկություններ  ուսումնական պրակտիկայի, դրա տեսակների մասին՝ ներգրավելով նաեւ լսարանին: 



Ուսումնասիրության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաեւ գիտակրթական հարցերով հանձնաժողովի անդամներ Տաթեւ Բալդրյանը եւ Նենսի Մկրտչյանը՝ ներկայացնելով հայեցակարգային փաստաթուղթը եւ կատարված հետազոտությունները, ինչպես նաեւ հիմնական խնդիրներն ու առաջարկները: 

Նենսի Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ուսումնասիրությունների արդյունքում առանձնացված 4 հիմնական խնդիրները եւ առաջարկները՝ միտված պրակտիկայի առավել արդյունավետ կազմակերպմանը: Դրանք են՝  1. Մոտիվացնել գործատուին, 2. Ստեղծել առցանց հարթակ, 3. Կազմակերպել հանդիպումներ, աշխատաժողովներ, 4. Մշակել ճանաչման մեխանիզմ: 



Համաժողովի ընթացքում պրակտիկաների արդյունավետ կազմակերպման իրենց փորձը ներկայացրեց Բրիջ (Breedge) սթարթափի կազմակերպիչներից Վահան Մելքոնյանը: Ապա կազմակերպվեց պանելային քննարկում՝ «Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում» թեմայով: