Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-10-2018
Անցկացվեց «Կլիմաթոն Երեւան» երկրորդ հաքաթոնը
Հոկտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Կլիմաթոն Երեւան» հաքաթոնը:

Աշխարհի 4 տասնյակից ավելի երկրների ավելի քան 100 քաղաքներում միաժամանակ անցկացվող հաքաթոնի նպատակը քաղաքի կլիմայական խնդիրների լուծմանը նպաստող նորարարական ծրագրեր մշակելն է: 



Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ 24-ժամյա միջոցառման ընթացքում երիտասարդ ինժեներների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների  մասնակցությամբ քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ նոր գաղափարներ ու մոտեցումներ կներկայացվեն: 

Տիգրան Սարգսյանը ներկայացրեց դեռեւս 2012 թ.-ից Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են կլիմայական փոփոխությունները մեղմելուն: Մասնավորապես 2014 թ.-ին Երեւանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, մշակվել են Երեւանի կայուն էներգետիկ զարգացման, «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրերը. «Նման միջոցառումների միջոցով երիտասարդների ներգրավմամբ փորձում ենք նոր գաղափարներ ամրագրել, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նոր մոտեցումներ որդեգրել»: 



ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն էլ կարեւորեց  երիտասարդների շահագրգռվածությունը կլիմայական խնդիրների փոփոխությունների դեմ լուծումներ գտնելու ճանապարհին իրենց գիտելիքները ներդնելու առումով, ապա  հանգամանորեն ներկայացրեց մայրաքաղաքում առկա հիմնական խնդիրները: 

Մասնակից թիմերից զրուցեցինք Կոտայքի մարզը ներկայացնող թիմի անդամների հետ, որի կազմում ընդգրկված էին Աբովյանի թիվ 7  դպրոցի եւ Բյուրեղավանի դպրոցի «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաների ներկայացուցիչները: Սլավիկ Խաչատրյանը ներկայացրեց իրենց հիմնական գաղափարները՝ ստեղծել այնպիսի սարք, որը կթեքի արեւային կայանները, եւ մեքենաների համար նախատեսված զտիչներ, որոնք կնպաստեն, որպեսզի դրանցից արտանետվող ծուխը հնարավորինս քիչ աղտոտված լինի: 



Նշենք, որ «Կլիմաթոն Երեւան»-ի արդյունքներն ամփոփելուց հետո լավագույն գաղափարների հեղինակները դրանք զարգացնելու եւ կիրառելու հնարավորություն կստանան: