Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-10-2018
Նոր, ռետրո ավտոմեքենաներ, ամենագնացներ, մոտոցիկլետներ. մեկնարկել է «Arm Auto Show» 2018 ցուցահանդեսը
Հոկտեմբերի 26-ին «Պրոմ էքսպո» ընկերության նախաձեռնությամբ մեկնարկեց ավտոմեքենաների եւ ավտոարդյունաբերության միջազգային մասնագիտացված «Arm Auto Show» 2018 առաջին ցուցահանդեսը:

«Նման ցուցահանդես իրականացնելու գաղափարը ծագել է դեռ 8 տարի առաջ, սակայն նախագծի իրականացումը հետաձգվել է, քանի որ Հայաստանում չկային համապատասխան դահլիճ՝ մեծ քանակությամբ ավտոմեքենաներ տեղավորելու, եւ հարակից տարածք՝ դրանց մասնակցությամբ շոու ծրագրեր կազմակերպելու համար»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանը: 

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մասնակից 70 ընկերություններին եւ անհատներին ցուցահանդեսի երկրորդ օրը կմիանան եւս 50-ը. «Ներկայացված են ավտոմեքենաներ՝  նոր արտադրողների՝ դիլերների կողմից, ներմուծող  ընկերությունների կողմից, ռետրո մեքենաներ, սպորտային մեքենաներ, ավտոպահեստամասեր, ծառայություններ, այսինքն՝ այն ամենը, ինչ կապ ունի ավտոինդուստրիայի հետ»: 

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝  1. ավտոմեքենաներ, 2․ ռետրո ավտոմեքենաներ, 3. ավտոդիզայն, աերոգրաֆիա, թյունինգ, 4. ավտոտեխսպասարկում, պահեստամասեր, 5. ավտոկոսմետիկա, ավտոմեքենաների խնամքի միջոցներ, 6. աքսեսուարներ, 7. մոտոցիկլետներ եւ այլն: 

Նախատեսվում է իրականացնել նաեւ թյունինգ շոու, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանում թյունինգ անցած ավտոմեքենաներ: Կկազմակերպվեն մրցույթներ, կգնահատվեն լավագույն մեքենաներն ըստ կարգերի՝ թյունինգային արտաքին տեսք, լավագույն սրահ եւ այլն: 

Արման Զաքարյանը կարեւորեց ցուցահանդեսը նաեւ գործնական կապերի հաստատման առումով՝ նշելով, որ մասնակից ընկերությունները կկարողանան համեմատել իրենց ներուժը, նորությունները եւ գտնել համագործակցության եզրեր: 

Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են ՀՀ կառավարությունը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, Երեւանի քաղաքապետարանը: 

Պատկերասրահ՝ Arm Auto Show - 2018