Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կամերային երաժշտության տնից
Տեղադրվել է 29-10-2018
Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ
Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Դիրիժորը ղեկավարեց նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը: Համերգային երեկոյին ՀՊԿՆ-ի հետ որպես մենակատար հանդես եկավ Միքայել Նավասարդյանը (թավջութակ): Համերգային ծրագրում ընդգրկված էին Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործություններից: Համերգն անցկացվեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: 

Հանրահայտ դիրիժոր Դեբորա Վոլդմանը Հայաստանում է առաջին անգամ: Փաստում է՝ համերգային ծրագրում ներառել է իր երկու ամենասիրելի կոմպոզիտորների՝ Մոցարտի ու Մալերի գործերը: Արդեն իսկ հասցրել է սիրահարվել Հայաստանին, հիացած է մեր երկրի յուրահատուկ էներգիայով, տպավորված հայ երաժիշտների հետ աշխատանքով: 



Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլու քաղաքում (Բրազիլիա): Այնուհետեւ ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել, որտեղ ապրել է մինչեւ 14 տարեկանը: Դրանից հետո տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ սովորել է «Universidad Católica Argentina»-ում: Նա կրթական հաստատության պատմության մեջ միակ ուսանողն է, ով երկու ոսկե մեդալի է արժանացել նվագախմբային դիրիժորության եւ կոմպոզիցիայի ասպարեզներում: 2002-ին մեկնել է Ֆրանսիա՝ կատարելագործելու հմտությունները: Մինչ օրս ապրում է այնտեղ, գործունեություն ծավալում ամբողջ աշխարհում: 

Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Ֆրանսիայի ազգային նվագախումբը, Փարիզի կամերային նվագախումբը, Լիոնի ազգային նվագախումբը, Մոնտե Կարլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի ակադեմիական նվագախումբը եւ այլն: