Նյութը՝
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-10-2018
Գարի Քյոսայանը հանդես եկավ Երեւանի 2800-ամյակին նվիրված համերգով
Կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանը հանդես եկավ Երեւանի 2800-ամյակին նվիրված համերգով: Այն հոկտեմբերի 28-ին անցկացվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Գարի Քյոսայանն ու իր խումբը հարուստ եւ բազմազան ծրագրի ընթացքում ներկայացրին ինչպես արդեն սիրված գործեր, այդպես էլ նոր ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ինքնադիմանկար», «Քրիստիի համար», ինչպես նաեւ Երեւանին նվիրված «Երեւանյան գույներ» ստեղծագործությունները: 

Համերգին ներկայացված ստեղծագործություններից 7-ը հնչում էին առաջին անգամ։ Կոմպոզիտորը նշել է, որ դրանցից մեկը նվիրված է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին, մյուսը՝ իր կնոջը՝ Ալլա Սահակյանին, երրորդը՝ մայրաքաղաք Երեւանին։ Նշենք, որ «Գարի Քյոսայան» ջազ քառյակի կազմում հանդես էին գալիս Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ), Արմեն Հովակիմյանը (կոնտրաբաս), Ալլա Սահակյանը (վոկալ)։

Առաջին անգամ ջազ քառյակի հետ ելույթ ունեցավ կիթառահար Կարեն Սեդրակյանը, ինչպես նաեւ փոքրիկ Կարինե Իգնաթյանը։

Քյոսայանը փաստել է՝ այս համերգով ցանկանում էր ընդգծել Երեւանի հանդեպ իր անսահման սերը, քաղաք, որտեղ ծնվել, մեծացել եւ ապրում է։ Երեւանը կոմպոզիտորի համար աշխարհի ամենալավ քաղաքն է։ 

Նշենք, որ Գարի Քյոսայանը ծնվել է Երեւանում։ Ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա՝ իբրեւ ջազային երաժիշտ, լայն ճանաչում է ձեռք բերում 1980 թ.-ին՝ Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո: 1988-2003 թթ. երաժիշտը բնակվում եւ ստեղծագործում էր Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ-ում ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990 թ. իր հիմնադրած համույթը` «Gary Kesayan Jazz Quartet»-ը դառնում է «Ֆլոր դը Վին» (Փասադենա) անվանի ջազ-ակումբի առաջատար կոլեկտիվը եւ համերգներ է ունենում տարբեր երկրներում: 1998 թվականին Գարին եւ նրա քառյակը երգչուհի Մարթին Իլոնի հետ առաջին անգամ համերգներով այցելեցին Երեւան: 2005 թ. կոմպոզիտորը կրկին Երեւան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ, եւ ներկայացնում է հիանալի շոու, որին ներկա էր լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։ Վերջին տարիներին Գարի Քյոսայանը բնակվում է Հայաստանում, պարբերաբար հանդես գալիս հետաքրքիր նախագծերով: 

Պատկերասրահ՝ Գարի Քյոսայանը հանդես եկավ Երեւանի 2800-ամյակին նվիրված համերգով