Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Սողոմոն Մաթևոսյանի
Տեղադրվել է 03-11-2018
Միջազգային համագործակցությունը՝ երիտասարդների համար գիտելիքների եւ հնարավորությունների աղբյուր
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում սովորող երկու ակտիվ երիտասարդների՝ Մարզպետ Մարգարյանի եւ Վլադ Մաղաքյանի հետ, ովքեր վերջերս Թբիլիսիում մասնակցել են միջազգային համաժողովի, զրուցել ենք կոնֆերանսի արդյունավետության, ստացած տպավորությունների եւ այլազգի երիտասարդների հետ համագործակցության մասին:
Մարզպետ Մարգարյանը որոշեց մասնակցել «Երիտասարդների ներգրավումը եւ երիտասարդության մասնակցությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում. Արեւելյան գործընկերության եւ ԵՄ-ում փորձի փոխանակում» կոնֆերանսին, քանի որ կարծում է, որ միջազգային նմանօրինակ միջոցառումները տարբեր երկրների մասնակիցներին իրենց փորձով փոխանակվելու, խնդիրները հասկանալու եւ իրենց երկրների փորձի հիման վրա լուծումներ գտնելու հնարավորություն են տալիս: Տվյալ կոնֆերանսի ընթացքում էլ պետք է քննարկվեին այնպիսի հարցեր, որոնք կարեւոր են Հայաստանի պետականաշինությանը մասնակցելու գործում:

«Ակնկալիքներս շատ մեծ էին, եւ կարող եմ ասել, որ արդարացան: Ցանկանում էի կիսվել երիտասարդության՝ քաղաքականությանը մասնակցելու խնդիրներով տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, լսել կարծիքներ, իմանալ եվրոպական երկրներում իրավիճակը տվյալ հարցի կապակցությամբ եւ միասին տվյալ երկրների դրական փորձի հիման վրա մշակել արդյունավետ մեխանիզմներ»,- պատմում է ապագա իրավաբանը:



Այն հարցին, թե կոնֆերանսին մասնակցելն իրեն ինչ տվեց մասնագիտական տեսանկյունից եւ որպես երիտասարդ, ով մտահոգված է երկրում տիրող քաղաքական իրավիճակով ու հետաքրքրված է արտաքին քաղաքականությամբ, Մարզպետը պատասխանեց. «Կոնֆերանսը մասնագիտական տեսանկյունից ինձ տվեց գիտելիք եվրոպական մի շարք պետությունների քաղաքական համակարգերի վերաբերյալ, իմացա շատ խնդիրների մասին, որոնք ծառացած են Արեւելյան գործընկերության ու եվրոպական որոշ երկրներում, որպես երիտասարդ էլ՝ ծանոթություն, նոր կապերի հաստատում եւ, ինչու չէ, հաճելի ժամանց»:

Եթե Մարզպետ Մարգարյանը համաժողովի կազմակերպչական առումով ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենար, ապա միայն կցանկանար, որ ավելի շատ երկրներ անդամակցեին կոնֆերանսին:

«Այլ երկրներում ապրող երիտասարդների հետ շփումը եւ համագործակցությունը կարեւորում եմ, քանի որ շփվելով տարբեր երկրների երիտասարդների հետ՝ ստանում ես փորձ, գիտելիք, որը կարող ես օգտագործել քո երկրում՝ քո գործունեության բնագավառում դրական փոփոխությունների հասնելու համար: Ինչ վերաբերում է այդ կապն ամրապնդելուն եւ պահպանելուն, ապա կշարունակեմ մասնակցել նմանօրինակ միջոցառումներին եւ կրթությունս որեւէ եվրոպական երկրի բուհում նաեւ շարունակելու ցանկություն ունեմ»,- ասում է երիտասարդը:

Վլադ Մաղաքյանն էլ նախկինում եւս ակտիվորեն մասնակցել է միջազգային ծրագրերի: 2014 թվականին Չեխիայի Հանրապետությունում մասնակցել է ամառային դպրոցի, կամավորական աշխատանք է կատարել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում, «YouthBank» ծրագրին է մասնակցել եւ այլն: Վերոնշյալ կոնֆերանսին էլ մասնակցել է, քանի որ հետաքրքրել է ընտրված թեման: Նա մեկնել էր Վրաստան՝ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու եւ նրանց մշակույթներին հաղորդակից լինելու ակնկալիքով:



«Տպավորություններս դրական են, բավականին հաջող կազմակերպված համաժողով էր: Չնայած թեման իմ մասնագիտությանն ուղիղ առնչություն չուներ, այնուամենայնիվ ուրախ եմ, քանի որ տարբեր հարցերի շուրջ հետաքրքրությունս բավարարելու հնարավորություն գտա: Արտերկրի երիտասարդների հետ շփումը կարեւոր է. դա հնարավորություն է տալիս ծանոթանալու նոր գաղափարների հետ, որոնցով առաջնորդվում են այլ երկրներում»,- պատմում է Վլադը:

Հայ երիտասարդները նշում են, որ շարունակելու են մասնակցել տարբեր միջազգային միջոցառումների: Այդպիսով նրանք ձեռք կբերեն գործնական կապեր տարբեր երկրներում եւ իրենց ստացած տեղեկություններն ի նպաստ հայրենիքի զարգացմանն օգտագործելու հնարավորություն կունենան: