Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-10-2018
Այսօր Հելոուին է
Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների եւ սատանաների տեսքերով դիմակներ եւ զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմանն է։
Հոկտեմբերի 31-ին սկզբնական շրջանում հիմնականում անգլիախոս երկրներում, այսօր արդեն եվրոպական, ԱՊՀ եւ մի շարք այլ երկրներում տոնում են Հելոուինը: Հելոուին (Օքսֆորդյան բառարանի համաձայն՝ «Halloween» (Hallow Evening) բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում՝ որպես բոլոր սրբերի երեկո կամ բոլոր սրբերի տոն։

Այն ունի մի շարք խորհրդանիշներ, օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը: 

Դդումների վրա փորագրում են չար, բայց միեւնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ 

Տարածված է նաեւ սարսափ գրականության, ֆիլմերի հերոսների զգեստներ կրելը:  Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, կախարդությունը եւ հրեշները։ Ավանդական գույներն են նարնջագույնն ու սեւը։ 

Հայաստանում նույնպես տոնը նշվում է, սակայն հիմնականում այն դրսեւորվում է խմելու, պարելու, ուրախանալու տեսքով: Քաղաքի ակումբներում կազմակերպվում են «Հելոուին Party»-ներ:

Նշենք, որ Հելոուինի նկատմամբ վերաբերմունքը շատ տարբեր է: Շատերն այս տոնը վտանգավոր են համարում, քանի որ այն կապված է ոգեղեն ուժերի հետ, որոնք վտանգավոր եւ սարսափազդու են: Նույնիսկ այսօր աշխարհի տարբեր մասերում ապրող մարդիկ այդ տոնի միջոցով փորձում են կապ հաստատել մահացածների հոգիների հետ, ինչը հակասում է Աստվածաշնչին։

Հայ առաքելական եկեղեցին կոչ է անում հրաժարվել օտարածին տոներից, այդ թվում՝ «սատանայական տարրեր պարունակող Հելոուինից»: Եկեղեցին խորհուրդ է տալիս Հելոուինի տոնի փոխարեն նշել Բուն Բարեկենդանը:

Պատկերասրահ՝ Հելոուին - 2018