Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-11-2018
«Между небом и землей». նոր գիրք՝ ընթերցողի սեղանին
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ լրագրող, գրող, հրապարակախոս, գերմանական «Deutsche Welle» մեդիաընկերության հայաստանյան թղթակից Աշոտ Գազազյանի «Между небом и землей» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:
«Ինձ երբեմն ասում են, որ շատ եմ շտապում. կարելի է սպասել ու միանգամից մեծածավալ գիրք լույս ընծայել: Միշտ պատասխանում եմ՝ գուցե չհասցնեմ. մենք ապրում ենք այսօր, ունենք երեկվա փորձը եւ չենք պատկերացնում, թե ինչ է լինելու վաղը: Գուցե իրավիճակ փոխվի, գուցե չցանկանամ գրել, այդ պատճառով էլ հենց պատմվածքներս հատում են 200 էջի սահմանը, ես դրանք մատուցում եմ իմ ընթերցողներին, որոնց թիվը, մեծ սիրով եմ ասում, տարեցտարի ավելանում է»,-Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հեղինակը:  



Պատմվածքների հերոսները մեր կողքին ապրող սովորական, գուցե ոչնչով աչքի չընկնող մարդիկ են, որոնք շատերի կողմից աննկատ են մնում. «Ես ծնվել ու մեծացել եմ  Ախալցխայում՝ այդ փոքրիկ քաղաքում, եւ այդ միջավայրն եմ ցույց տվել: Ոչ թե քաղաքի պատմությունն եմ պատմել, այլ ներկայացրել եմ մարդկանց՝ հարբեցողներին, իմ հին ընկերներին… Սրանք պատմություններ են, որոնք կարող են տեղի ունենալ յուրաքանչյուրիս հետ յուրաքանչյուր վայրում, բայց պատահել են հենց Ախալցխայում: Այդ փոքրիկ քաղաքը տվել է այնպիսի մեծություններ, ինչպիսիք են նկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Վահրամ Գայֆեճյանը, Հակոբ Կոջոյանը, մեր ազգի ձայն Լուսինե Զաքարյանը, մեծ դերասան Կարպ Խաչվանքյանը, եւ «իրավունք ուներ» ունենալ մի փոքր գիրք իր մարդկանց մասին»: 

Աշոտ Գազազյանը նշեց, որ հերոսներին նայել է ոչ թե լրագրողի, այլ գրողի աչքով, հակառակ պարագայում պատմություններն այդքան գրավիչ ու զավեշտալի չէին լինի: 



Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ լրագրությունից գրականություն անցումը շատերը համարում են պարտադիր կամ ցանկալի. «Իսկ ես գտնում եմ, որ  լրագրությունը եւ գրականությունը կարելի է հրաշալի կերպով համատեղել, ինչն ամեն օր ապացուցում է Աշոտ Գազազյանը: Ընդամենը մի ժամ առաջ նա իր «Deutsche Welle»-ի համար լուսաբանեց հերթական իրադարձությունն ու եկավ այստեղ: Գրականությունն ու լրագրությունը նա այնքան ներդաշնակ է համատեղում»: 

Նշենք, որ Աշոտ Գազազյանը 1980 թ.-ից լրագրության ոլորտում է: Զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: 1999 թ.-ից «Deutsche Welle»-ի հայաստանյան թղթակիցն է: Հեղինակել է «В тени солнца» եւ «Журфак» ինքնակենսագրական գրքերը, ինչպես նաեւ պատմվածքների ժողովածուներ: