Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 05-11-2018
Առողջ սննդակարգն առողջ ապրելակերպի գրավականն է
Նոյեմբերի 2-ին կայացավ #Ապրել Հաղթահարելով Դիաբետը ակցիայի հանդիպումը։

Միջոցառման հեղինակն էր շուրջ 15 տարվա մասնագիտական փորձ ունեցող դիետոլոգ Գայանե Շահխաթունին, ով, մշակելով անհատական սննդակարգեր, օգնում է քաշի նվազեցմանը՝ առանց օրգանիզմը վնասելու։ 

Սննդաբանն իր մշակած ճաշացանկով աշխատում է նաեւ հայ հայտնիների հետ. նրա սննդակարգից օգտվել են Սոնա Ռուբենյանը, Լայանան, Մերի Մակարյանը, Եգոր Գլումովը, Անի Դաշյանը, Նաիրա Մովսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Սոֆի Դեւոյանը եւ այլք: Նրան հաճախ անվանում են աստղային դիետոլոգ։



Բարեգործական միջոցառումը նրանց համար էր, ովքեր կարեւորում են առողջ ապրելակերպը, հետաքրքիր եւ համեղ սնունդը։

Հանդիպման ընթացքում սննդաբանը խոսեց բալանսավորված սննդակարգի եւ կալորիաների մասին: Պատմելով նիհարելու գաղտնիքի մասին՝ Գայանե Շահխաթունին ընդգծեց, որ առողջ սննդակարգն առողջ ապրելակերպի գրավականն է, որով մենք շարժվում ենք առաջ: Մասնագետի համոզմամբ՝ օրական 5-6 անգամ սնվելով՝ հնարավոր է հասնել զգալի արդյունքների․ խնդիրը մեկն է՝ պետք է սնվել ճիշտ: 

Միջոցառմանը ներկա հայտնի հյուրերը պատմեցին բալանսավորված սննդակարգի եւ նիհարելու իրենց գաղտնիքների մասին: Նրանք իրենց փորձով կիսվեցին քաշի խնդիր ունեցողների հետ։ 



Ինչպես հանդիպման ընթացքում նշեց երգչուհի Իվետա Մուկուչյանը, թեեւ քաշի խնդիր չունի, բայց դիմել է սննդաբանին՝ ձայնալարերը կարգավորելու համար։ Երգչուհին խոստովանում է՝  երկար ժամանակ իրեն անհանգստացրել է ձայնալարերի խնդիրը, իսկ օգնության համար բավական էին Գայանեի մի քանի խորհուրդները․ «Երկար ժամանակ չգիտեի՝ ինչ խնդիր ունեմ, պարզվեց սննդի պատճառով էր, ինչ ուզում էի ուտել, չէր կարելի ձայնալարերիս, սնունդս էլ կարգավորված չէր։ Հիմա Գայանեն օրվա սնունդս այնպես է պատրաստում, որ հանգիստ սնվում եմ, հատկապես սիրում եմ խմորեղենը»։

Ի դեպ, Գայանե Շահխաթունին ներկաների համար պատրաստել էր յուրահատուկ հյուրասիրություն՝ էկո թխվածքներ՝ առանց ալյուրի, շաքարի եւ հավելանյութերի, ինչպես նաեւ շոկոլադ՝ առանց շաքարի։