Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-11-2018
Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի ներկայացմամբ եզրափակվեց Շեքսպիրյան փառատոնը
Նոյեմբերի 5-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացմամբ եզրափակվեց Երեւանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային փառատոնը:

Պիեսի առաջին մասը գրվել է 1600 թ.-ին: Այն Շեքսպիրի ամենալայն ճանաչում վայելող ստեղծագործություններից է, որը մինչ օրս հաճախակի է տեղ գտնում թատրոնների խաղացանկերում: 

«Սուբբոտա» թատրոնը պիեսն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնել 2017 թ.-ի նոյեմբերին: Ռեժիսոր Գալինա Ժդանովան, աշխատելով երիտասարդական թիմի հետ, պիեսը ներկայացրել է միանգամայն այլ՝ տարբերվող լուծումներով: Ձայնային, լուսային ու գունային էֆեկտներն էլ ավելի գրավիչ են դարձրել ներկայացումը: 

Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնը հետաքրքիր պատմություն ունի. այն եզակի թատրոններից է, որը «ծնվել է» փողոցում: 1969 թ.-ի շաբաթ օրերից մեկը համարվում է թատրոնի ծննդյան օրը, հենց այդ իրողությամբ էլ պայմանավորված է «Սուբբոտա» անունը: Թատրոնի հիմնադիրը ռուս թատերագետ եւ ռեժիսոր Յուրի Սմիրնով-Նեսվիցկին է: 

Հատկապես վերջին տարիներին թատրոնի խաղացանկում հաճախ են տեղ գտնում երիտասարդ ռեժիսորների աշխատանքները, որոնց թվում է նաեւ Գալինա Ժդանովայի «Ոչնչից մեծ աղմուկ»-ը: 

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Երեւանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր  նոյեմբերի 1-ին: 

Այն հյուրընկալել էր 5 երկրներից ժամանած ավելի քան 90 մասնակիցների եւ հյուրերի՝ արվեստագետների, միջազգային փառատոների նախագահների՝ ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Իտալիայից, Սանկտ Պետերբուրգից: 

Փառատոնի շրջանակում, ի թիվս այլ ներկայացումների, բեմադրվել են նաեւ Բիտոլայի ազգային ակադեմիական թատրոնի «Անտոնիո եւ Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ» ներկայացումները: 

Պատկերասրահ՝ Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումը