Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-11-2018
Արթուրո Սանդովալը՝ երեւանյան բեմում. մեկնարկեց «Yerevan Jazz Fest 2018»-ը
Նոյեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Գրեմմիի 10-ակի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով մեկնարկեց «Yerevan Jazz Fest 2018»-ը:

Գրեմմիի 10-ակի, Billboard Music Awards-ի 6-ակի եւ Էմմիի դափնեկիր, լեգենդար երաժիշտը հայ հանդիսատեսին ներկայացավ շեփորային եւ դաշնամուրային կատարումներով, ինչպես նաեւ նվագեց հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Քարավան» ստեղծագործությունը։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արթուրո Սանդովալը նշել էր, որ շեփորի համար գրված իր ամենասիրելի ստեղծագործության հեղինակը հայ է՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, եւ տարիներ առաջ ինքը կոմպոզիտորի ներկայությամբ նվագելու հնարավորություն է ունեցել: 

Համերգի անակնկալներից էր Արթուրո Սանդովալի եւ ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի համատեղ ելույթը՝ հանդիսատեսի ջերմ ու բուռն ծափերի ներքո:  

Նշենք, որ ամենամյա միջազգային ջազ փառատոն «Yerevan Jazz Fest 2018»-ը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 20-ը: Այս տարի լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ իսկ առիթով  «Yerevan Jazz Fest 2018»-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Այս տարի «Yerevan Jazz Fest»-ն էլ ավելի է մեծացրել իր աշխարհագրությունը՝ համերգներ կազմակերպելով նաեւ Շուշիում ու Գյումրիում:

Պատկերասրահ՝ Արթուրո Սանդովալը՝ երեւանյան բեմում