Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-11-2018
«Անմոռանալի օր»՝ ֆիլմ չորս ընկերների արկածային օրվա մասին
Նոյեմբերի 8-ին «Նաիրի» կինոթատրոնում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր եւ պրոդյուսեր Հենրի Քոչարյանի «Անմոռանալի օր» ֆիլմը։
Կատակերգության եւ մելոդրամայի ժանրում նկարահանված ֆիլմը չորս ընկերների մասին է, ովքեր որոշում են մեկ օր անցկացնել քաղաքից դուրս։ Հասնելով հեռավոր գյուղ` տղաներից մեկը սիրահարվում է։ Եվ սկսվում են նրանց անհավանական արկածները։

Հենրի Քոչարյանն այս անգամ եւս աշխատել է օպերատոր Եղիշե Սողոմոնյանի հետ։ Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Ակնե գյուղում` Երեւանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ 

Հենրի Քոչարյանը նշեց, որ ֆիլմի գաղափարը վաղուց է ունեցել. «Սցենարի վրա ես եւ Արմեն Վարդանյանը սկսեցինք աշխատել ամռանը, եւ այդ աշխատանքի ընթացքում բազում նոր մտքեր առաջացան»։

Ֆիլմում նկարահանվել են Արթուր Սիմոնյանը, Թաթուլ Բոստանչյանը, Մովսես Նիկողոսյանը, Վազգեն Ծատինյանը, Գոշ Հակոբյանը, Էլեն Գեւորգյանը, Պերճ Աբովյանը, Նարեկ Մախսուդյանը, Գագիկ Դումիշյանը, Ռոզա Մխիթարյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Պարանյանը եւ Գեւորգ Աբգարյանը։ Նրանցից շատերին հանդիսատեսն առաջին անգամ կտեսնի։

Ռեժիսորը նշեց, որ քասթինգներ է անցկացրել Երեւանում, Վանաձորում եւ Ալավերդիում. «Քանի որ ֆիլմի սցենարով հերոսներից շատերը հիմնականում լոռեցիներ են, որոշեցի, որ այդ կերպարները պետք է մարմնավորեն հենց լոռեցի դերասանները։ Ինձ համար ֆիլմում, որպես այդպիսին, գլխավոր եւ երկրորդական կերպարներ չկան։ Նկարահանման հրապարակում յուրաքանչյուր դերասանի առանձնահատուկ եմ վերաբերվել եւ կարծում եմ` բոլոր դերասաններն էլ հանդիսատեսի կողմից յուրովի կսիրվեն»։ 

Ռեժիսորը նշեց նաեւ, որ աշխատել է 87-ամյա ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի հետ. «Ութսունյոթ տարեկան, բայց այսքան եռանդուն կին. ես հիացած եմ: Դերասանուհու հետ աշխատելը մեծ պատիվ էր»:

«Ես առաջարկ չեմ ստացել, մասնակցել եմ քասթինգի, որը անցկացվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Քասթինգը երկու փուլով էր, առաջին փուլին շատ աղջիկներ էին մասնակցում, երկրորդին չորս հոգով էինք մնացել, եւ այդպես ընտրեցին ինձ։ Սա իմ առաջին դերն էր, եւ ես շատ ոգեւորված էի։ Ֆիլմն ինձ շատ դուր եկավ, շատ ուրախ եմ, որ նկարահանվեցի այս ֆիլմում։ Նկարահանման հրապարակում դժվարություններ եղել են, բայց ռեժիսորի օգնությամբ հաղթահարեցի»,- նշեց Էլեն Գեւորգյանը։ 

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը ցուցադրվելու է նաեւ մարզերում, եւ վստահ է՝ այնտեղի հանդիսատեսը կսիրի այն:

Ֆիլմը կարող եք դիտել «Նաիրի» կինոթատրոնում: