Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-11-2018
Հինգերորդ համերգը՝ Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի շրջանակում
Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի շրջանակում նոյեմբերի 12-ին կայացավ 5-րդ՝ նախավերջին համերգը:



Հնչեցին հայ ժամանակակից կոմպոզիտորներ Գեղունի Չթչյանի, Զոհրաբ Փարեմուզյանի, Արմենուհի Կարապետյանի, Անահիտ Կոստանյանի, Դավիթ Բալասանյանի, Աննա Գարսոյանի, Իրինա Խաչատրյանի, Տիգրան Համբարյանի, Աննա Հակոբջանյանի եւ Սերգեյ Ումրոյանի ստեղծագործություններից: Եղան նաեւ ստեղծագործությունների պրեմիերաներ. Անահիտ Կոստանյանի «Երկու պոլիֆոնիկ պատկեր» ստեղծագործությունը հնչեց առաջին անգամ:



Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը փաստում է, որ փառատոնի շրջանակում կազմակերպվող համերգները շատ լավ առիթ են եւ հնարավորություն երիտասարդ կոմպոզիտորների համար, ովքեր ներկայացնում եւ, ինչու ոչ, նաեւ փորձարկում իրենց ստեղծագործությունները. «Կարեւոր են նմանօրինակ միջոցառումները, որոնք կարող են խթան հանդիսանալ հայ ժամանակակից հեղինակների համար, որպեսզի նրանք շարունակեն ստեղծագործել՝ լսելի դարձնելով իրենց արվեստը»:



Նշենք, որ փառատոնի փակման համերգը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կներկայացվեն Արամ Սաթյանի, Սուրեն Զաքարյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Բաբայանի եւ Ժիրայր Շահրիմանյանի կամերային-նվագախմբային ստեղծագործություններից։



Մուտքն ազատ է։