Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-11-2018
Աշուն
Գույների բազմազանությունը, մռայլ ու անձրեւոտ օրերի փոխհարաբերությունը պայծառ, արեւաշատ օրերին, թռչունների միապաղաղ ծլվլոցին հաջորդող անբացատրելի համատարած անդորրը, մարդկանց մտավախությունը՝ վաղաժամ ձմռան հայտնվելուն, կարող ես զգալ, ականատես լինել Հայաստանում, ինչն էլ մեր երկրում պատճառ է, որպեսզի ամբողջությամբ զգաս ու վայելես աշունը:
Միանշանակ չի կարող գտնվել մեկ այլ վայր, որտեղ աշունը կարողանա այն ազդեցությունը թողնել, ինչքան մեր երկրում: Զբոսաշրջիկների հիացմունքը, ամեն կերպ զգացածը արտահայտելու մոլուցքը թույլ են տալիս ենթադրել մեր երկրի աշնան բացառիկության մասին: 
 
Մեր երկրում ամեն ոք կարող է խանդավառվել բնությամբ, հաղորդակցվել բնությանը, հատկապես այս սեզոնին:

Աշունը մշտապես մնում է ստեղծագործողների ներշնչանքի առարկան։ Թե՛  նկարիչները, թե՛ բանաստեղծները մշտապես «երգում են» աշունը։ Ոմանք աշունը նույնացնում են իրենց տխրության հետ, ոմանք էլ վերջ կամ սկիզբ են փնտրում նրանում։ 

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երեւի ձյուն է գալու: 
Համո Սահյան

***
Աշուն է, քամի…
Տերեւներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, –
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…
Ավետիք Իսահակյան

Պատկերասրահ՝ Աշուն - 2018