Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-11-2018
Խաչատրյանի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին բեմում էին Բորիս Բերեզովսկին եւ Դանիել Ռոնը
Նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա-համերգը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ ունեցան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին եւ ջութակահար Դանիել Ռոնը: Հնչեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրի եւ ջութակի կոնցերտները: Համերգի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն էր Սերգեյ Սմբատյանը:

Նա նշեց, որ սիմֆոնիկ եւ կամերային բոլոր համերգները, որոնք կայացել են փառատոնի ընթացքում, շատ նշանակալի եւ կարեւոր են նվագախմբի համար. «Հաջողություն է միջազգային նմանօրինակ փառատոն ունենալը, եւ այն պետք է  զարգացնել: Այն ձեռքբերումները, որոնք եղել են վեց տարվա ընթացքում, պայմանավորված են նաեւ միջազգային համբավ ունեցող երաժիշտների մասնակցությամբ, որոնք եկել են Հայաստան՝ մեզ հետ տոնելու այս փառատոնի հաջողությունները»:

Բորիս Բերեզովսկին մեծագույն հաճույքով է կատարում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները. «Արամ Խաչատրյանն իմ ամենասիրելի կոմպոզիտորներից է: Ես մեծագույն հաճույքով եմ կատարում նրա դաշնամուրի կոնցերտը, քանի որ այն շատ վառ եւ գեղեցիկ երաժշտություն է»:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում կայացել է սիմֆոնիկ եւ կամերային 9-ը համերգ: Տեղի է ունեցել նաեւ «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում հնչել է Արամ Խաչատրյանի՝ ֆիլմերի համար գրած ստեղծագործությունները:

Պատկերասրահ՝ Խաչատրյանի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգը