Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-11-2018
Մեկնարկեց «Chainpoint 18» միջազգային բլոկչեյն համաժողովը
Նոյեմբերի 14-ին «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկեց «Chainpoint 18» երկօրյա միջազգային բլոկչեյն համաժողովը:



Տարածաշրջանում եզակի այդ համաժողովը Հայաստանում մեկ հարկի ներքո է համախմբել ավելի քան 20 երկրներից ժամանած, ոլորտում ճանաչում ունեցող 35-ից ավելի խոսնակների եւ շուրջ 350 մասնակիցների: 

Համաժողովի նպատակը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը բլոկչեյնի համաշխարհային համայնքին ներկայացնելն է, ինչպես նաեւ համագործակցության հարթակ  ստեղծելը: 



««Chainpoint 18» միջազգային բլոկչեյն համաժողովը  նշանակալի միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ  տարածաշրջանում: Մենք հյուրընկալել ենք տարածաշրջանի հայտնի փորձագետներին, տարբեր երկրներից  ժամանած շուրջ 45 խոսնակների: Ներկայացված են տարածաշրջանի 6՝ Իրանի,  ՌԴ-ի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի բլոկչեյն ասոցիացիաները: Մենք ներգրավել ենք մեր օտարերկրյա գործընկերներին, որպեսզի նրանք բլոկչեյն համայնքին ներկայացնեն իրենց փորձը: Ակնկալում ենք, որ  համաժողովի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, համատեղ նախագծեր կմշակվեն, եւ հետագայում արդյունավետ համագործակցության ուղիներ կուրվագծվեն»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիայի օպերացիոն տնօրեն Վիկտորյա Խեչումյանը: 



Նմանօրինակ համաժողով իրականացնելու գաղափարը ծնվել է գրեթե 6 ամիս առաջ. «Իսկ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 3-4 ամիս առաջ: Արվել է հնարավորը, որպեսզի կարողանանք համատեղ քննարկումների հարթակ ստեղծել»: 

Համաժողովի մեկնարկին ելույթներով հանդես եկան ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Nooor»  բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը, Ուկրաինայի բլոկչեյնի ասոցիացիայի նախագահ Միխայիլ Չոբանյանը, «Smartgate VC»-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը եւ այլք: 



Հայաստանում հյուրընկալված փորձագետները եւ խոսնակները, որոնք մի շարք պետությունների բլոկչեյն ասոցիացիաների ղեկավարներ, կիբերանվտանգության ոլորտի ճանաչված մասնագետներ, միջազգային իրավաբաններ են, պատրաստակամությամբ են ընդունել հրավերը եւ հետաքրքրված են Հայաստանում ոլորտի զարգացումներով: 

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված են  պանելային քննարկումներ, բլոկչեյնի նորարար կիրառությունների վերաբերյալ ներկայացումներ: 



Քննարկվելու են բլոկչեյնի զարգացման հեռանկարները տարածաշրջանում եւ Հայաստանի դերն այնտեղ, թվային ծառայությունները, օրենսդրական կարգավորման մոտեցումները, ներդրումային նոր գործիքները եւ այլն:

Հավելենք, որ«Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան հիմնադրվել է մեկ տարի առաջ՝  2017 թ.-ի նոյեմբերին: Ասոցիացիան աջակցում է բլոկչեյնով հետաքրքրվողներին, փորձագետներին, տարբեր ոլորտների բիզնեսի ներկայացուցիչներին եւ ստարտափներին՝ բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման եւ նրա շնորհիվ նորարարական լուծումներ մշակելու նպատակով: