Նյութը՝ «ՅունիԳրոուֆ» զարգացման կենտրոնից
Լուսանկարները՝ «ՅունիԳրոուֆ» զարգացման կենտրոնից
Տեղադրվել է 15-11-2018
Գաղափարները միավորում են երիտասարդներին
Մեզանից ոմանք ծնվել են մեծ եւ մարդաշատ քաղաքներում, մյուսները՝ փոքր քաղաքներում կամ գյուղերում՝ գեղեցիկ բնությամբ եւ հրաշալի տեսարաններով:

Միեւնույն ժամանակ մեզանից շատերը ձգտում են հեռանալ այդ փոքրիկ, գողտրիկ վայրերից՝ համոզված լինելով, որ մեծ ու զարգացած քաղաքներում կունենան ավելի լավ աշխատանքի եւ բարեկեցիկ կյանքի հնարավորություններ՝ այդպիսով թերագնահատելով այն հնարավորությունները, որոնք առկա են մեր շրջապատում:

Հոկտեմբերի 25-ից  նոյեմբերի 3-ը Դիլիջանում տեղի ունեցած «Rural is the New Urban» երիտասարդական փոխանակումը, որը հյուրընկալել էր «ՅունիԳրոուֆ» զարգացման կենտրոնը, գյուղական համայնքների զարգացման գործում հետաքրքրված 6 երկրների (Հայաստան, Խորվաթիա, Վրաստան, Լեհաստան, Սլովակիա եւ Ուկրաինա) երիտասարդներին սոցիալական նախաձեռնությունների ու ձեռնարկատիրության նորարարական եւ ստեղծագործ գաղափարների շուրջ հավաքվելու հնարավորություն էր ընձեռել: 



Այդտեղ նրանք գյուղական բնակավայրերում աշխատունակության ներուժի մասին իրենց իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական ձեռներեցության վերաբերյալ գիտելիքներ ստանալու, ինչպես նաեւ իրենց սոցիալական ձեռնարկությունների գաղափարները մշակելու հնարավորություն ունեցան: 

Ծրագրի շրջանակում երիտասարդները հանդիպեցին տեղացի երիտասարդների հետ եւ ծանոթացան նրանց համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին եւ նախաձեռնություններին: 

Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական հանձնաժողովի «ERASMUS+» ծրագրի կողմից: