Նյութը՝ Դիանա Գաբրիելյանից
Լուսանկարները՝ Տաթեւ Հոռոփյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 15-11-2018
Տաթեւ Հոռոփյան. «Ուզում եմ, որ ստեղծագործի հենց իմ տեսակը»
Փոքր ժամանակ նա իրենց տան կենտրոնը որպես բեմ էր ծառայեցնում, հետո էլ բեմը դարձավ նրա տունը։ Միայն թե այս անգամ պարային ճկուն շարժումներին ավելացան բեմական խոսքն ու դերասանի խառնվածքը։

Կյանքի տարբեր փուլերում երիտասարդ դերասանուհի Տաթեւ Հոռոփյանի թռիչքներն  այնքան մեծ էին, որ նա ուսանողական առաջին իսկ տարիներից գլխավորեց Խամաճիկների պետական թատրոնի, այնուհետեւ  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումները։ 

Դերասանուհու հերոսուհիները վառ են ու հիշվող՝ «Հրաշքների աշխարհ»-ի Ալիսից մինչեւ «Գորտ Արքայազն»-ի արքայադուստր, «Հարսնացու Հյուսիսից»՝ Վալյայից մինչեւ «Պեպո»-ի Կեկել,  «Սասնա ծռեր»-ի Ծովինար ու ամենահեքիաթային մանկական  ներկայացման «Սառցե սրտի»՝ Աննա, «Դեկամերոն»-ի տարբեր կերպարային հերոսուհիներից մինչեւ «Մեծապատիվ մուրացկաններ»-ի Փերի։ Նա խաղի մեջ է մտնում իր բոլոր կերպարների հետ ու ստանում այն, ինչը դուր է գալիս հանդիսատեսին։ Գնահատականը 2017 թվականին «ԱրտՖեստ» երիտասարդական միջազգային փառատոնում «Դեկամերոն» ներկայացման մեջ լավագույն կին դերակատարի համար ստացած պարգեւն է։

Մեր զրուցակիցն է դերասանուհի Տաթեւ Հոռոփյանը։

-  Տա՛թեւ, եթե չեմ սխալվում, Ձեր մուտքը թատրոն եղավ շատ պատահական։ Կարելի է ասել, ոչ թե Դուք, այլ մասնագիտությունը Ձեզ գտավ։ Կպատմե՞ք նախապատմությունը։ 

- Մուտքս իրոք շատ պատահական եղավ։ Ցանկանում էի պարուհի դառնալ՝ զուգահեռ ունենալով նաեւ այլ մասնագիտություն։ Ընդունվեցի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների եւ ռեժիսուրայի բաժին։ Ընտրեցի ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի կուրսը՝ չպատկերացնելով, որ առաջին իսկ օրվանից պարը կմղվեր երկրորդ պլան եւ առաջին պլանում կհայտնվեր դերասանի մասնագիտությունը։ Այնպես ստացվեց, որ ամբողջ կուրսով գնացինք Խամաճիկների պետական թատրոն։ Այդ ժամանակ թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ Լիլի Էլբակյանը մեր դասախոսներից էր եւ իր բեմադրած «Լապլանդիա» մանկական ներկայացման մեջ ինձ ընդամենը եղնիկի դեր էր տվել՝ մտածելով, որ պարի հետ չեմ համատեղի։ Սակայն մի օր փորձեցի ներկայացման գլխավոր հերոսուհու՝ Տաթեւիկի դերը․ հաջողվեց, եւ կերպարը դարձավ իմը։ 

Հրաժարվեցի պարից ու սկսեցի թատրոնում խաղալ։ Սիրահարվեցի մասնագիտությանս։ Մինչ այդ երբեք չեմ մտածել, որ բեմում թաթերս ձիգ չեմ քայլի, այլ պարզապես կքայլեմ, չեմ պարի, այլ կխոսեմ ու կխաղամ։

- «Լապլանդիա»-ն մանկական ներկայացում էր, եւ դա Ձեր առաջին փորձն էր։ Ասում են՝ մանուկներին զարմացնելն ու ինչ-որ բանում համոզելն ավելի բարդ են․ հաջողվե՞ց։

- Կարծում եմ՝ այո՛։ Իրոք, երեխաներին զարմացնելն ամենաբարդն է․ նրանք անկառավարելի են, ներկայացման ժամանակ կարող են պարզապես վեր կենալ եւ դուրս գալ դահլիճից։ Անմիջական են․ կարող են նստատեղից ռեպլիկ բաց  թողնել, քնել, հորանջել, քեզ չհավատալ, բացահայտ ասել, որ վատ է։ Այո՛, նրանց համար խաղալը շատ պատասխանատու է, քանի որ բացի խաղից՝ մենք նրանց փորձում ենք մոտեցնել արվեստին՝ կրթելով արվեստ սիրող ապագա հանդիսատես։  

- Այնպես ստացվեց, որ Ձեր գլխավոր դերերը հաջորդեցին մեկը մյուսին։ Որպես սկսնակ դերասանուհի՝ դժվար չէ՞ր այդ կերպարանափոխություններին դիմակայելը։

- Ես ունեմ ե՛ւ գլխավոր, ե՛ւ երկրորդական դերեր։ Ի դեպ, երկրորդական կերպարային դերերն ավելի շատ եմ սիրում, քանի որ  դրանք ավելի բարդ է խաղալ։ Ինձ համար չկան առաջնային եւ երկրորդական դերեր, կան առաջնային եւ երկրորդական դերասաններ։ Երկրորդական պլանում կարելի է էլ ավելի հետաքրքիր ներկայանալ։ Բոլոր դերերին ես նույն պատասխանատվությամբ եմ մոտենում։ Ոչինչ չի փոխվում։ Կարեւորը կերպարի ճիշտ մատուցումն է։ 

-  Ամենաշատը ո՞ր դերը սիրեցիք։  

- Տեսե՛ք, պարն ու դերասանությունն ինձ համար առանձին-առանձին բավարար չեն, ես նրանց համակցությունն եմ սիրում։ Շատ եմ սիրում մյուզիքլային ներկայացումներ։ Այդ առումով Լիլի Էլբակյանի բեմադրած «Սառցե սիրտը» մյուզիքլային ներկայացման մեջ կերտած Աննայի կերպարն ինձ ավելի հոգեհարազատ է։ Գիտեք,  արվեստն այնքան եմ սիրում, որ երբեք չեմ հագենա դերերով։

- Տա՛թեւ,  նաեւ երկար տարիներ պարել եք «Բարեկամություն» պետական համույթում, դադարեցրիք։ Դժվար չէ՞ր։

- Դժվար էր թողնելը։ Շատ հետաքրքիր պատմություն կա։ Երբ դպրոցն ավարտեցի, այդ տարիներին «Բարեկամություն» համույթ ընդունվելը շատ բարդ էր, եւ երբ պարուսույցն ինձ առաջարկեց զբաղվել պրոֆեսիոնալ պարով,, ես առանց վարանելու ընտրեցի թատրոնը։ Հիմա, երբ մտովի հետ եմ գնում, մտածում եմ, եթե երկու րոպե պատասխանս ուշանար, միգուցե պարի ուղղությամբ շարունակեի, բայց այդ պահին, ինձ թվում է, սիրտս ընտրեց հենց թատրոնը։ Հիմա, երբ արդեն երկար ժամանակ է անցել, միեւնույնն է, չեմ զղջում։ 

- Թատրոն, կինո, արդեն արդիական դարձած սերիալներ․․․ Քեզ համար ո՞րն է գրավիչ, եւ ո՞րը քոնը չէ։

- Ես ընտրել եմ դերասանի մասնագիտությունը, որ լինեմ բեմում։ Սերիալում խաղալու առաջարկներ եւս եղել են, բայց չեմ համաձայնել։ Դեմ չեմ սերիալներին, սակայն գիտեմ, որ այդտեղ տեսակս կկորցնեմ, իսկ ես ուզում եմ, որ ստեղծագործի հենց իմ տեսակը։ Լինեմ այնտեղ, որտեղ գիտեմ, որ սիրով եմ աշխատելու։

-  Դուք  մասնակցում եք նաեւ ներկայացումների պարային մասով բեմադրման աշխատանքներին։ Կպատմե՞ք ընթացքի մասին։ 

- Պարային բեմադրությունները պատրաստելիս ես միշտ աշխատում եմ ռեժիսոր եւ դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ։ Հետեւում եմ նրա խորհուրդներին։ Ես բեմադրում եմ, ինքը՝ հայտնում իր վերջնական կարծիքը։ Բեմադրություն ստեղծելիս կարծես շնչենք իրար հետ․ մեկը շնչում է, մյուսն արտաշնչում։ 

-  Ներկայացումը ե՞րբ եք համարում հաջողված։ 

- Ինձ համար աշխատանքը երբեք չի ավարտվում։ Ես գրեթե  միշտ կռվի մեջ եմ իմ կերպարներիի հետ, շատ բաներ չեմ հավանում իմ խաղի մեջ։ Ներկայացման նախորդ օրը փորձում եմ խնդիրներս հիշել, շտկել, զրոյից խաղալ, որպեսզի դա  չլինի պարզապես հերթական ներկայացում։

-  Աշխարհի ո՞ր թատրոնում կցանկանայիք խաղալ։

- Պատասխանս միանշանակ է՝ Բրոդվեյան թատրոնում։ 

- Իսկ դե՞րը․․․

- Կցանկանայի խաղալ «Չիկագո» մյուզիքլում՝ Ռոքսիի կերպարում։

- Բեմում ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել։

- Պարուհի Պինա Բաուշի հետ։ Կցանկանայի ճանաչել նրան։ Երբ նայում եմ նրա ելույթները, կարծես մեր զարկերակներն իրար հետ են բաբախում։ Ես ամբողջ մարմնով զգում եմ նրա յուրաքանչյուր շարժումը։