Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-11-2018
«Creative Fashion Show» խորագրով ցուցադրությունը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում
Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում նոյեմբերի 15-ին կայացավ «Cretive Fashion Show» նախագիծը։

Այն իրականացվեց «ArmMod Fashion»-ի եւ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի համագործակցության արդյունքում։ Նախագիծն ուներ մեկ գլխավոր նպատակ` մեկ հարթակում ներկայացնել հայ տաղանդավոր դիզայներների աշխատանքները։

«ArmMod Fashion»-ի կողմից կազմակերպված ցուցադրությունները մշտապես տարբերվում են ընտրված վայրերով: Այս անգամ յուրահատուկ վայր հանդիսացավ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը։

«Ծրագրին մասնակցում են ե՛ւ սկսնակ, ե՛ւ փորձառու մոդելներ։ Նախագծի հիմնական նպատակն է սկսնակ մոդելավորողներին ճանաչում ստանալու հնարավորություն տալ։ Ինչպես նաեւ լավ հնարավորություն է ստեղծում մոդելային բնագավառը Հայաստանում զարգացնելու համար»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց «Moon Events» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Էդգար Հայրապետյանը։

Ցուցադրության մեկնարկը տրվեց հայտնի երգչուհի Աստայի գեղեցիկ կատարմամբ։ Ծրագրի ընթացքում ձիերի մասնակցությամբ ցուցադրվեց գեղեցիկ շոու․ ձիերը եւ նորաձեւությունը` հետաքրքիր համադրությամբ։

Ցուցադրությանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել մեր հայրենակից Տիգրան Ալբերտի դիզայները։ Տիգրանը  ցուցադրությանը ներկայացրեց իր կոշիկների հավաքածուն։ Ապրանքանիշն ունի յուրահատուկ սիմվոլ` հայկական կարպետների եւ գորգերի նմանվող զարդանախշի տեսքով։

Հայաստան էր ժամանել նաեւ վրաստանաբնակ մեր հայրենակցուհի Նարինե Պուրտոյանը։ Նա ցուցադրությանը ներկայացրեց իր հարսանեկան զգեստների հավաքածուն։

Հայտնի եւ ճանաչված դիզայներների կողքին իրենց հավաքածուները ներկայացրեցին նաեւ սկսնակ մոդելավորողներ Աննա Մեկիկչյանը, Արփի Գրիգորյանը, Սոֆյա Մովսիսյանը եւ Ժենյա Ասատրյանը։

Պատմություն՝ «Creative Fashion Show» ցուցադրությունը