Նյութը՝ Հարություն Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 27-11-2018
Համերաշխության համերգ՝ ի պաշտպանություն երիտասարդ ստեղծագործողի
Մոսկվայում կայացավ իր բնույթի մեջ եզակի համերգ, որն առաջին հերթին հանրային բողոք էր՝ ուղղված ստեղծագործողների դեմ վերջին շրջանում կիրառվող բռնաճնշումներին։
Օրեր առաջ Կրասնոդարում համերգի ժամանակ ավտոմեքենայի տանիքին կանգնելու եւ այդ կերպ երգ կատարելու համար 12-օրյա ազատազրկման էր ենթարկվել 25-ամյա ռեպ-կատարող Խասկին։ Սա անտարբեր չէր թողել մյուս ստեղծագործողներին։ Երկրպագուների մեծ բանակ ունեցող մեկ այլ ռեպ-կատարող՝ Oxxxymiron-ը, շատ արագ արձագանքել էր գործընկերոջ կալանավորմանը եւ շատ անսպասելի «շտապ հավաք-համերգ» հայտարարել Մոսկվայի «ГлавClub Green Concert» սրահում։
 
Oxxxymiron-ին միացել էին եւս երկու կատարողներ Բաստան եւ Noize MC-ին։ Վերջիններս իրենց համերգն անվանել էին բարեգործական, քանի որ վաճառված տոմսերից հասույթն ուղղվելու էր ոչ ամենեւին դեպի կատարողների գրպանը։ «Ես կերգեմ իմ երաժշտությունը» խորագրով (Я буду петь свою музыку) համերգի տոմսերը հաշված ժամերի ընթացքում վաճառվեցին երկու ռեսուրսներով, որտեղ հայտնվել էին կեսգիշերն անց։ Առավոտյան արդեն տոմսեր չկային։ Մոտ 3000 հանդիսական տեղավորող հաստատությունը վաղ առավոտյան հայտարարեց. «Բոլոր տոմսերը վաճառված են»։

Եվ, իսկապես, բոլոր տոմսերը վաճառված էին ու հնարավոր չէր ոչ մի կերպ տոմս ձեռք բերել որեւէ պաշտոնական աղբյուրից՝ չնայած համերգից մեկ ժամ առաջ կարելի էր ուղղակի շրջել Մոսկվայի «ГлавClub Green Concert» հաստատության տարածքում եւ փորձել «ձեռքի վրայից» տոմսեր գտնել ու գնել։ Իհարկե, դրանք մի քանի անգամ ավելի թանկ էին, քան իրականում արժեցել էին։ Լավագույն տարբերակն այսպիսի դեպքերում հավատարմագրում անցնելն է։

Համերգին ներկա գտնվել ցանկացողները, ովքեր հաջողացրել էին տոմսեր ձեռք բերել, մի քանի տասնյակ մետրի հասնող շարք էին կանգնել, որ կարողանան ժամանակին մտնել համերգասրահ։ Ու չնայած համերգը նախատեսված էր երեկոյան ժամը 8-ին, սակայն գրեթե երկու ժամ առաջ մի շարք երիտասարդներ արդեն հերթ էին կանգնել, որպեսզի կարողանան ավելի մոտ լինել բեմին՝ իրենց սիրելիներին մոտիկից տեսնելու համար։

Առաջինը բեմ բարձրացավ համերգի նախաձեռնողը՝ Oxxxymiron-ը։ Վերջինս մինչեւ երգելը մի քանի անգամ ընդգծեց, որ ստեղծագործողները ոչ մի կերպ չպետք է բռնաճնշումների ենթարկվեն։ Ռեպ-կատարողի խոսքով՝ իրենց երգերի տեքստերը չպետք է գրաքննվեն. «Այսօր փորձում են ռեպը դիտարկել որպես բռնություն սերմանող երեույթ։ Ժամանակին այդպես էին բնութագրում ռոքը։ Դա այդպես չէ, պարոնայք չինովնիկներ։ Վստահաբար ռեպ-կատարողները բռնություն սերմանողները չեն։ Այդ մարդկանց փնտրեք այլ վայրերում, անգամ ձեր շարքերում»։

Oxxxymiron-ը կատարեց իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ դրանք ընդմիջելով ելույթով եւ բողոքի կոչով։ Ըստ կատարողի՝ ստեղծագործողների համայնքը պետք է համերաշխություն ու համախմբվածություն դրսեւորի այսօրինակ դեպքերում. «Մենք գիտենք, որ կան մարդին, ում մենք չենք սիրում, կամ չենք սիրում նրանց վարքը, սակայն եթե այսօր գալիս են նրանց հետեւից, ապա վաղն էլ մեր հետեւից կարող են գալ։ Այստեղ տեղին է հիշել հայտնի պատմությունը, երբ ինչ-որ անհայտ գերմանացի պատմում էր, որ երբ կոմունիստների հետեւից էին գնում, իրեն հետաքրքիր չէր, երբ գնում էին հրեաների հետեւից, իրեն կրկին հետաքրքիր չէր, իսկ երբ արդեն իր հետեւից էին եկել, այլեւս մարդ չկար շրջապատում»։

Oxxxymiron-ից հետո բեմ բարձրացավ Noize MC-ին։ Վերջինս եւս դիրքորոշում հայտնեց երկրում տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ չնայած Խասկին արդեն ազատության մեջ է, սակայն այդօրինակ երեւույթ չպետք է լիներ Ռուսաստանում։ Թերեւս Իվան Ալեքսեւը, նույն ինքը Noize MC-ին բոլորից լավ գիտի Խասկիի վիճակը, քանի որ 2010 թ.-ին ոստիկանության հասցեին հնչեցրած վատ խոսքերի համար ստիպված էր 10 օր անցկացնել հատուկ հստկողության վայրում, իսկ 2014-2015 թթ.-ին նրա մի քանի համերգներ արգելվել էին՝ քաղաքական սեփական դիրքորոշման համար։

Noize MC-ին սկսեց իր կատարումը Խասկիի «Պանելկա» երգի սեփական մատուցմամբ։ Շատ արագ հանդիսականները ոգեւորություն պարգեւեցին կատարողին եւ վերջինս արդեն սեփական երգերը ներկայացրեց՝ յուրատեսակ էներգիա փոխանցելով հանդիսասրահում հավաքված մարդկանց։

Վերջում բեմ բարձրացավ Ռուսաստանի ռեպ-համայնքի ամենափորձառու կատարողներից մեկը։ Բաստային շատերն էին սպասում, թերեւս դա էր պատճառը որ սրահը միանգամից թնդաց։ Կարճ ներածական խոսքից հետո Բաստան սկսեց ներկայացնել իր ռեպերտուարի լավագույն գործերը։

Համերգը եզրափակվեց «նորաստեղծ տրիոյի» կողմից հայտնի «Моя игра» երգի կատարմամբ։