Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-11-2018
Երիտասարդական կրթական ծրագիր Կանադայում
Եթե Կանադան ձեզ գրավում է ոչ միայն որպես ճամփորդելու երկիր, այլեւ սովորելու համար, ապա «Կրթություն եւ աշխատանք՝ Կանադայում» ծրագիրը հենց ձեզ համար է:

Ի՞նչ կտա ձեզ ծրագիրը

Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխատանքային փորձ, անգլերենի լավ իմացություն, նոր գիտելիքներ, որոնք կօգնեն աշխատանքային գործունեության ժամանակ: Այդ ամենից զատ՝ դուք կունենաք նաեւ վկայական: Այլ խոսքով, դուք կստանաք շատ լավ կրթություն Կանադայում: 

Ապրելով Կանադայում՝ դուք կկարողանաք զգալ կանադական մշակույթի շունչը: Սովորաբար կրթությունն ընթանում է Վանկուվերում կամ Տորոնտոյում: Վերջիններս Կանադայի ամենահայտնի քաղաքներից են: 

Ծրագրի բաղկացուցիչ մասերը՝ կրթություն եւ աշխատանք

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից: 

1-ին փուլում մասնակիցներն անցնում են, այսպես կոչված, լեզվի դպրոց: Բացի լեզվից՝ մասնակիցներն ուսումնասիրում են Կանադայի մշակույթն ու պատմությունը: 

2-րդ փուլում մասնակիցներին ստացած գիտելիքներն իրացնելու հնարավորություն է տրվում՝ որեւէ տեղ աշխատելով: Աշխատանքի առաջարկն արվում է ըստ կրթության, լեզվի իմացության մակարդակի եւ աշխատանքային փորձի: 

Այսպիսով՝ կարելի է ասել, որ կրթությունն ու աշխատանքը մեկտեղվում են, ինչը ձեզ գումար վաստակելու եւ Կանադայում կյանքը վայելելու հնարավորություն կտա: 

Ծրագրի դրական կողմերը

Այս ծրագրից հատկապես շատ են օգտվում ուկրաինացի երիտասարդները: Դրա շնորհիվ երիտասարդների առաջ նոր դռներ են բացվում, որոնք ճանապարհ են դեպի երազանքների աշխատանք գտնելը: Ընդ որում՝ ծրագրին դիմելու համար պետք չէ սպասել որեւէ սեզոնի. այն գործում է ամբողջ տարվա ընթացքում:  

Որքա՞ն արժե ծրագիրը

Շատերին է հետաքրքրում, թե որքան արժե այս ծրագիրը: Գումարը սկսվում է 1105 դոլարից, սակայն չպետք է մոռանալ հավելյալ ծախսերի մասին, որոնք ներառված չեն այդ գումարի մեջ: