Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-12-2018
«Երիտասարդները ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրերում». հանրային քննարկում
Նոյեմբերի 30-ին «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Երիտասարդները ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրերում» թեմայով:

Բանախոսները՝ Արեգ Թադեւոսյանը, («Քաղաքացու որոշում»), Լուսինե Զակալիշվիլին («ՄԵՆՔ» դաշինք), Վան Ահարոնյանը (ՀՅԴ), Գայանե Աբրահամյանը («Իմ քայլը» դաշինք), Մարկոս Հարությունյանը (ԲՀԿ) եւ Աննա Կոստանյանը («Լուսավոր Հայաստան»), ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ներկայացրին, թե քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում որքանով են անդրադարձել երիտասարդության խնդիրներին: Որո՞նք են ոլորտի առաջնահերթ խնդիրները, եւ դրանց լուծման ի՞նչ ուղիներ են մատնանշվում: 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արեգ Թադեւոսյանը նշեց, որ  դեռեւս կուսակցության ծրագրային դրույթների մշակման ժամանակ լուրջ ուշադրություն է դարձվել երիտասարդության հարցերին: Երիտասարդության խնդիրների մասին առանձին դրույթներ տեղ են գտել նաեւ նախընտրական ծրագրում. «Շատ չեն այն կուսակցությունները, որոնց ծրագրերում երիտասարդության խնդիրներն առանձին են ներկայացված, բայց մենք համարել ենք, որ դա կարեւորագույն հարցերից մեկն է: Ծրագրում ներկայացված են այսօրվա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները»: 

Ըստ Արեգ Թադեւոսյանի՝ կուսակցության նախընտրական ծրագրում երիտասարդության խնդիրները ներկայացնող հատվածը երկու՝ երիտասարդական քաղաքականության եւ  երիտասարդության հետ աշխատանքի ու երիտասարդական ծրագրերի բաժիններից է բաղկացած:  



«ՄԵՆՔ» դաշինքը ներկայացնող Լուսինե Զակալիշվիլին շեշտեց, որ «ՄԵՆՔ»-ը երիտասարդակենտրոն դաշինք է եւ ունի երիտասարդության ոլորտին առնչվող բազում ծրագրեր. «Մենք կարծում ենք, որ մեր երկրում պետք է կրթական համակարգի բարելավում իրականացնել, որովհետեւ եթե համեմատենք նույնիսկ մեր տարածաշրջանի երկրների կրթական համակարգերի հետ, կտեսնենք, որ մեր կրթության որակն իսկապես զիջում է: Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ուղեղների կենտրոն, իսկ դա կլինի որակյալ  կրթություն ապահովելու միջոցով»: 

ՀՅԴ-ն ներկայացնող Վան Ահարոնյանն էլ հիշեցրեց, որ կուսակցությունը ստեղծվել է ուսանողների եւ երիտասարդների կողմից, ուստի առաջնահերթություններից մեկն է համարվում երիտասարդության խնդիրների լուծումը: Նա հստակեցրեց, որ նախընտրական ծրագրում տեղ են գտել հիմնականում կրթական ոլորտի բարելավմանը միտված դրույթներ, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին: 

«Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Գայանե Աբրահամյանն էլ նշեց, որ թեեւ նախընտրական ծրագրում երիտասարդների խնդիրների եւ դրանց լուծման ուղիներին վերաբերող հատված առանձնացված չէ, սակայն գրեթե բոլոր բաժիններում անդրադարձ կա. «Ինձ համար հիմնական խնդիրները կրթության ոլորտում են, քանի որ կրթությունը դիտարկվում է որպես այն հիմնարար սոցիալական վերելակը, որի միջոցով երիտասարդները կարող են կառուցել իրենց ապագան»: 



Գայանե Աբրահամյանը կարեւորեց գիտության զարգացման, երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու, գիտական ներուժի արտահոսքը կանխելու խնդիրները: 

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Մարկոս Հարությունյանն էլ նկատեց, որ թեեւ կուսակցության առաջնորդը տարիներ շարունակ երիտասարդներին կրթաթոշակներ է տրամադրել, ուսման վճարի հետ կապված խնդիրներ է լուծել, սակայն այդ բեռը պետք է իր վրա վերցնի պետությունը. «Ինչպես նշված է մեր ծրագրում, բանկերն ուսանողների համար այնպիսի տոկոսադրույքներով պետք է վարկավորում ապահովեն, որ  ուսանողին տրվի 10 տարի ժամկետ՝ հետագայում աշխատելու, իր աշխատանքով ուսման վարկը վճարելու համար»: 

Աննա Կոստանյանն էլ հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիրները երիտասարդ են, եւ այն  բավականին երիտասարդ ուժ է համարվում: Նրա խոսքով՝ կուսակցությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել երիտասարդության խնդիրները. «Նախընտրական   ծրագրում երիտասարդական ծրագրերը փոքր դրույթներով են նշված, սակայն դա չի ենթադրում, որ մեր ուշադրության կենտորնից դուրս են մղվել երիտասարդության խնդիրները: Մենք առանձնացրել ենք դրույթներ, որոնք ընդհանրական տեսքով ներկայացնում են, թե մենք ինչ ենք պատրաստվում անել խորհրդարանում: Ահա դրանցից մեկը. «Ինովացիոն զարգացման ապագան պետությանը ստիպում է մեծ ուշադրություն դարձնել այդ առաջընթացի հիմնական կրողներին», այսինքն՝ երիտասարդներիս»: