Նյութը՝ Արարատ Ալիխանյանի
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի ՏԾ գրասենյակից
Տեղադրվել է 04-12-2018
Երիտասարդների կարողությունների զարգացումն առաջնահերթություն է
ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ուսանողներին ներկայացվեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» նոր ծրագիրը, որն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Իջեւանի գրասենյակը՝ Իջեւանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Նախագիծը հնարավոր է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շնորհիվ: Մինչ այդ  ծրագիրն իրականացնողները նախագիծը ներկայացնելու համար հանդիպել էին մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանի եւ տնօրենի օգնական Արման Եգանյանի հետ: Ծրագիրը, որի տեւողությունը 4 ամիս է, ուսանողներին ներկայացրեց ՎՎՀ  Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը: Ծրագրի շրջանակում կհզորացվեն մոտ 15 երիտասարդի կարողություններ եւ գիտելիքներ շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման ոլորտներում, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների մասին: 

Խնդիրն այն է, որ ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում  երիտասարդների մասնակցությունը վատ մակարդակի վրա է, ինչը փաստվել է նաեւ facebook.com սոցցանցում օնլայն հարցման արդյունքներով: Հարցվածների 41.3%-ի կարծիքով՝ երիտասարդը չի մասնակցում եւ չի կարեւորում իր դերը որոշումների կայացմանը համայնքային մակարդակում, քանի որ տեղեկացված չէ ՏԻՄ-ների գործունեության մասին: Հարցվածների 29.3%-ն էլ գտնում է, որ երիտասարդությունը չունի կարողություններ եւ անհրաժեշտ գիտելիքներ ՏԻՄ-ների հետ համագործակցաբար աշխատելու եւ քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնելու առումով: Հիմնական խնդիրը ՏԻՄ-ների աշխատանքի վերաբերյալ երիտասարդների անտեղյակությունն է: 

Ա. Ալիխանյանը նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան համայնքային-քաղաքացիական խնդիրների բացահայտման եւ խնդիրների լուծման ռազմավարությունների մշակման վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ, կաշխատեն ավագանու հետ եւ  կմշակեն Իջեւանի համայնքապետարանին ներկայացվելիք  առաջարկությունների փաթեթ՝ Իջեւան համայնքի բյուջեով  երիտասարդական նախաձեռնությունների ֆինանսավորման նպատակով: 

Ծրագիրը նաեւ համապատասխանում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությանը, որը որպես գերակայություն է ամրագրում է երիտասարդների մասնակցության գործոնը հասարակական-քաղաքացիական ու այլ մակարդակներում: Իջեւան համայնքի զարգացման 2017-2021 թթ. հնգամյա ծրագրի հիմնական նպատակներից են սահմանված տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացումը՝ մասնակցության նոր մեթոդների եւ ձեւերի ներդրման եւ աստիճանական զարգացման միջոցով, որին նաեւ համահունչ է նույն ծրագիրը: 

Առաջիկայում նոր ձեւավորվող խմբի համար կսկսվեն կարողությունների զարգացման վերապատրաստումները:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրը (2018-2020 թթ․) Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է հետեւյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան եւ Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: