Նյութը՝ Արմեն Սիմոնյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-12-2018
Վանաձորը հյուրընկալեց փորձագիտական խմբին
Վանաձոր քաղաքը «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հայտ ներկայացրած վերջին կանգառն էր փորձագիտական խմբի եւ կազմկոմիտեի անդամների համար:

Փորձագիտական խումբը եւ կազմկոմիտեի անդամները նախատեսված ընթացակարգով դեկտեմբերի 3-4-ին եղան Վանաձոր քաղաքի պետական նշանակության կառույցներում, մշակութային կենտրոններում եւ մի շարք ՀԿ գրասենյակներում:

Մինչ ճանաչողական շրջայցը փորձագիտական խումբն ուղեւորվեց քաղաքապետարան, որտեղ նրանց հյուրընկալեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, Մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Տեր-Սիմոնյանը եւ մի շարք ՀԿ ներկայացուցիչներ: 

Ջերմ ընդունելության եւ բովանդակալից զրույցի ընթացքում քաղաքապետը ներկայացրեց երիտասարդների մեծ ներգրավածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում․ «Մենք ուզում ենք որոշակի ուսումնասիրություններից հետո երիտասարդական որեւէ միջոցառում դարձնել ամենամյա փառատոն քաղաքի համար»:

Այնուհետեւ փորձագիտական խումբը Մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Սեւակ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ վայելեցին «Հորովել» երգի-պարի համույթի նվագախմբի եւ համույթի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի երաժշտական կատարումը:

Հաջորդիվ փորձագիտական խումբը եղավ համահայտատու «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ եւ «Գայաննա» ՀԿ-ներում: ՀԿ-ների ներկայացուցիչներ Վահե Խաչիկյանը եւ Անահիտ Կարապետյանը ներկայացրեցին իրենց գործունեությունը, ծավալած աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը:

Հյուրերը եղան նաեւ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունում, որտեղ ծանոթացան բավականին ակտիվ եւ մեծ գործունեություն ծավալած հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ:

Երկօրյա այցի շրջանակում հյուրերը եղան նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):

Այսպիսով ավարտվեցին փորձագիտական այցերը հայտ ներկայացրած քաղաքներ: Հիշեցնենք, որ սկսվել է կարճ հաղորդագրությամբ քվեարկությունների (SMS) փուլը: 

Նշենք նաեւ, որ երիտասարդական մայրաքաղաք ընտրելիս փորձագետներն ուշադրություն են դարձնում քաղաքների հասարակական կազմակերպություններին, մշակութային կենտրոններին, քաղաքի բազմաֆունկցիոնալ կառույցներին` հյուրանոցներին, տրանսպորտային միջոցներին եւ այլն, երիտասարդական ՀԿ-ներին:

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցn Վանաձոր (2018 թ.)