Նյութը՝ Վլադ Մուրադյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-12-2018
Փորձեցինք մոնոներկայացումները դուրս բերել թատերական տիրույթից
Օրերս եզրագիծը հատեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացված «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն երկրորդն էր։ Մեզ հետ զրույցում փառատոնի մասին պատմում է տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ փառատոնի ծրագրում այս անգամ ներառված էին բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա:


«Փառատոնի շրջանակում ցուցադրվեց շուրջ 10 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «ՀամլետMachin» (Արմմոնո-Տրիումֆ), Նորա Բադալյան` «Լեդի Մակբեթ» (Արմմոնո-Տրիումֆ), Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լեւ Նիկոլաեւիչ Միշկին» (Արմմոնո-Տրիումֆ), Վալենտինա Դավիթավյան՝ «Ուղղակի Ֆրիդա», Դավիթ Աբրահամյան՝ «Թթվածին», Աքսաննա Բաբաջանյան` «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» (Գորիս), Ռուզաննա Պողոսյան՝ «Ժաննա դ՛Արկ» (Գավառ) եւ Հասմիկ Հարությունյան` «Համբարձման գիշեր» եւ այլն»,- նշում է Մարիաննա Մխիթարյանը:


 
Նրա փոխանցմամբ՝ «ԱրմմոնոPlus» փառատոնի օրերին (նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ը) անցկացվեց «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը․ «Ունեցանք չորս հանդիպում։ Երեքը կայացան «Լոֆտում»․ հոգեբան Եվա Օհանյանը ներկայացրեց «Թատրոնը հոգեբանի աչքերով» թեման, բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը (Հայաստան-Շվեյցարիա) խոսեց բեմանկարչի աշխատանքի, ՀՀ վաստ․ արտիստ Նարինե Գրիգորյանը մոնոներկայացման ռեժիսուրայի եւ դերասանի վարպետության մասին։ 



«ԼատինԱրտ» ստուդիայում Հայաստանի սպորտային պարերի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր Արտակ Զախարյանն էլ պարի հրավիրեց հանդիպման մասնակիցներին ու ծանոթացրեց սոցիալական պարերի ռիթմերին»։ 



Փառատոնի տնօրենի խոսքով՝ «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. այն կարելի է անվանել փառատոն-լաբորատորիա․ «Նշեմ, որ լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաեւ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում՝ 2019 թ.-ի ապրիլի 28-ից մայիսի 2-ը: Չբացելով փակագծերը՝ ասեմ, որ սպասվում է հետաքրքիր ծրագիր»։ 



Տիկին Մխիթարյանը նաեւ շեշտադրեց, որ այս անգամ փորձել են ներկայացումները դուրս բերել թատրոնի տիրույթից եւ ցուցադրել փորձարարական տիրույթում, ինչն էլ, դատելով հանդիսատեսի արձագանքից, հաջողված էր։ 

«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի ներկայացումները ցուցադրվել են Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում, «Լոֆտում», Փոքր թատրոնում, ՀԹԳՄ-ում։ 




Ի դեպ, «ԱրմմոնոPlus»-ի ողջ ընթացքը եղել է լուսանկարիչ Գեւորգ Հարությունյանի ուշադրության կենտրոնում եւ կհրապարակվի փառատոնի ֆեյսբուքյան էջում։