Նյութը՝ Դիանա Գաբրիելյանից
Լուսանկարները՝ Հայկ Պետրոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 27-12-2018
«Թատրոնում աշխատանքը սկսում է լռելուց»․ Հայկ Պետրոսյան
Բեմին նվիրվելն ու հանդիսատեսին այդ հարթակից նայելու պատվին արժանանալը տաղանդի, ձգտման, կրթության ու անսահման աշխատասիրության վկայություն է։ Պետական կամերային երաժշտական թատրոնի երիտասարդ դերասան Հայկ Պետրոսյանը, ունենալով նշված հատկանիշները, սկզբում հաճախեց պարի, սիրեց բեմն ու պարից անցավ խոսքին։ Հետո այդ ամենին ավելացրեց գեղեցիկ երգեցողությունն ու ստանձնեց դերասանի մասնագիտությունը։

Մեր զրուցակիցն է երիտասարդ դերասան եւ հաղորդավար Հայկ Պետրոսյանը։

Դերասան լինելու մասին․․․

Ինչո՞ւ ոչ․․․ Չէ՞ որ յուրաքանչյուր անձնավորություն մանկուց ունենում է նախասիրություններ։ Քանի որ ես պարել եմ երկար տարիներ, ինձ դուր էր գալիս բեմում հանդես գալը, այն գրավում էր ինձ։ Երբ դպրոցն ավարտում էի, մտածում էի Տնտեսագիտական համալսարան ընդունվելու ուղղությամբ, քանի որ անգամ այդ տարիքում գիտակցում էի, որ դառնալով դերասան՝ ֆինանսի խնդիր կունենամ։ Այնուամենայնիվ,  ընտրեցի դերասանի մասնագիտությունը, որովհետեւ ես սիրում եմ իմ գործը, սիրում եմ քրտնել բեմի վրա, սիրում եմ բեմում աշխատել․ դա կլինի պարի, դերասանության, թե երգի տեսքով։ Դերասանական արվեստն այդ ամենը ներառում է։ Ի ուրախություն ինձ՝ ուսանեցի հանճարեղ, տաղանդավոր մանկավարժ դերասան եւ ռեժիսոր Դավիթ Հակոբյանի մոտ՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում։ Նույնիսկ մի քանի անգամ վարպետին տեսնելու, նրա խորհուրդները լսելու հնարավորություն ենք ունեցել։ 

Երգեցողության բացահայտման մասին

Երգն իմ մեջ բացահայտեց Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։ Մինչ այդ չգիտեի, որ երգում եմ։ Մանկապարտեզում ու դպրոցում երբեք չեմ երգել։ Իմ կարծիքով՝ երգելը դեռ չի նշանակում լինել երգիչ։ Այսօր դերասաններով շատ ենք զայրանում, որ պատեհ-անպատեհ, ով երբ ցանկանում է, նկարահանվում է սերիալներում։ Նույնը երգեցողությունն է, եթե ես չունեմ ձայնի մշակում, եթե բանիմաց չեմ այդ ասպարեզում, երբեք չեմ զբաղվի դրանով։ Բնությունից տրված այդ շնորհը կօգտագործեմ միայն իմ հաճույքի համար, իսկ որպես մասնագիտություն զերծ կմնամ այդ ամենից։

Սերիալներում նկարահանվելու մասին

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ սերիալում նկարահանվելով՝ դերասանի վարկանիշն ընկնում է։  Դա գալիս է  մարդուց, ստեղծագործողից, իսկ ամենակարեւորը՝ գալիս է դերասանից։ Ամեն ինչ պիտի ներդաշնակ լինի։ Ամեն առաջարկ չէ, որ ես կընդունեմ, բայց եթե քեզ առաջարկում են խաղալ մարդու տեսակ, ինչո՞ւ հրաժարվել․․․ Այս պարագայում դերասանը պիտի ուժեղ լինի, որպեսզի չտրվի անճաշակ բաներին։ 



Դերասանի կարեւոր հատկանիշների մասին

Կարող եմ ասել, որ այսօր արժեհամակարգը հավասարվել է զրոյի՝ կապված դերասանական արվեստի հետ։ Այսօր կոմերցիան հաղթանակած շարժվում է առաջ։ Հասել ենք այն կետին, որ դասական արվեստ ներկայացնող թատրոնները  նույնպես տրվում են այդ ամենին։ Չի կարելի խառնել այդ ամենը, թատրոնը պիտի մնա թատրոն իր գեղագիտությամբ, արժեհամակարգով ու իր տեսակով։ 

«Դիմակ» թատերական ստուդիայի ու դերասանական արվեստը սիրող ապագա սերնդի մասին

Ես, ստանձնելով ստուդիայի գեղարվեստական մասի պատասխանատվությունը, կարող եմ հավաստիացնել, որ շատ տաղանդավոր երեխաներ ունենք։ Ստուդիայում մենք երեխաների ծնողներին զգուշացնում ենք, որ մեզ մոտ առաջնահերթ կրթում ենք լավ մարդ, կիրթ հանդիսատես եւ օգնում ենք տիրապետել դերասանի վարպետությանը։ Երեխաներին հանձնարարում ենք հատուկ գրականություն,  էտյուդներ ենք անում, ինչպես նաեւ իրենց տարիքին համապատասխան ներկայացումներ ենք բեմադրում, բայց մինչեւ մեր ուզած որակական սանդղակը չսահմանենք, հանրությանը չենք ներկայանա։ Քանի որ մեզ մոտ տարիքային տարբերություն կա, մենք անում ենք այնպիսի վարժանքներ, որ հետաքրքիր լինի բոլորին։ 

Դերասան, դասախոս, հաղորդավար լինելու, պրոֆեսիոնալիզմի ու հաջողության մասին

Իմ վարպետն ինձ միշտ ասում էր, որ դերասանի գործը սկսում է պատասխանատվության զգացումից։ Թատրոնում աշխատանքային գործընթացը սկսում է լռելուց, կարգապահ լինելուց, կուլիսներում չխոսելուց, ռեկվիզիտը ստուգելուց, հագուստը հարդարված լինելուց։ Թատրոնի շունչն այդտեղից է սկսվում։ Երբ մարդն իր տեսակով հավաք անձնավորություն է ու միշտ արժեւորում է իր մասնագիտության թվացյալ, անկարեւոր, բայց ամենակարեւոր կետերը, ապա անպայման հաջողություններ է գրանցում։ Ես դպրոցական նստարանից  եղել եմ շատ պարտաճանաչ։ Ինձ թվում է՝ այդտեղից էլ սկսվել են իմ հաջողությունները, ու ես այսօր, ի ուրախություն ինձ,  պետք է նշեմ, որ, այո՛, ես քայլ առ քայլ առաջ եմ գնում։ Ես այսօր անդադար ուզում եմ աշխատել՝ նորանոր վերելքների հասնելու համար, չեմ ուզում կանգ առնել նույն տեղում։



Գրքեր ձայնագրելու մասին

Մենք՝ grqaser.org նախաձեռնության թիմով, զբաղվում ենք շատ կարեւոր մի գործով։ Ձայնագրում ենք գրքեր՝ դրանք վերածելով աուդիոտարբերակի։ Հատկապես մեզ շատ են լսում կույր մարդիկ։ Արտերկրից հետաքրքրվողներ եւս կան, տարբեր երկրներից մենք պատվերներ ենք ունենում, օրինակ՝ Աֆրիկայում բնակվող մի քանի հայ ընտանիք մեզ շատ են խնդրում, որ իրենց երեխաների համար կարդանք արկածային գրականություն, հայկական պատմվածքներ ու վեպեր։

Սերունդների բախման մասին

Բեմի վարպետները երիտասարդներին սիրում  են։ Նրանք, ովքեր մտածում են, թե այսօր տաղանդավոր երիտասարդներ չկան, ես համոզված կարող եմ ասել՝ այսօր մենք ունենք հաղթանակած սերունդ։ Ճիշտ է, հաճախ ենք հնչեցնում մեծագույն վարպետների խորհրդանշական անուններ, բայց մենք այնքան տաղանդավոր երիտասարդներ ունենք, որ գնում են ու աշխարհը ցնցում, բայց այսօր նրանց մասին չեն խոսում։ 

Ֆիլմարտադրության մասին

Այսօր մենք ունենք մի քանի ֆիլմ արտադրողներ, որոնք ունեն իրենց հիմնական թիմը եւ տարիներ շարունակ աշխատում են նրանց հետ։ Այսինքն՝ կոմերցիոն դեմքերի միջոցով հաջողություններ են գրանցում։ Ես նրանց չեմ մեղադրում, մարդիկ ի վերջո գումար են ծախսում եւ ամեն գնով պետք է հետ բերեն այդ գումարները։ Սակայն դա երբեք չի նպաստի կինեմատոգրաֆիայի զարգացմանը։ Այս թեման ցավալի է երիտասարդ դերասանների համար, ովքեր շնորհքով են, բայց իրենց  ցուցադրելու տեղը դեռ չեն գտնում։ Ամեն երիտասարդ չէ, որ նախաձեռնող է։ 



Հայ թատրոնում փոփոխություններ անելու մասին

Կցանկանայի, որ թատրոնում առաջնահերթ կարեւորվեր թատրոն գաղափարը։ Ռեժիսորը զբաղվի ռեժիսուրայով, դերասանը՝ դերասանությամբ, եւ թատրոնը համակարգման առումով ունենա ճիշտ ու լավ մասնագետներ, որովհետեւ այսօր թատրոնի արժեհամակարգն ընկել է նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ չունենալու պատճառով։ Այսօր թատրոնը ղեկավարող մարդիկ ամեն ինչ անում են՝ տոմսերն իրացնելու համար, հիմնականում մանկական ներկայացումներ բեմադրելով։ Մենք՝ դերասաններս, շատ ենք այսօր նույն բանն անդադար ծամում ու կուլ տալիս։ Թատրոնում կցանկանայի փոխվեր նաեւ աշխատավարձի չափը։ Այս առումով այսօր դերասանն իրապես գնահատված չէ։ 

Հայ մեծանուն դերասանների հետ միեւնույն բեմում հանդես գալու մասին

Մեծագույն հաճույքով կցանկանայի հանդես գալ Խորեն Աբրահամյանի հետ։ Նա ինձ համար այն եզակի արտիստներից է, ով թատրոնում հանճարեղ թատերային էր, իսկ ֆիլմում՝ ֆանտաստիկ իրական։ Այդպես շատ բարդ է խաղալը։ Նա այն դերասաններից է, ով փայլում էր իր բեմական խոսքի մշակույթով։ Խորեն Աբրահամյանը ֆենոմենալ դերասան էր։

Բեմում հանդես գալու համար անհրաժեշտ բնավորության «գործիքների» մասին

Բեմում հանդես գալու համար առաջնահերթ պետք է լինել հետաքրքիր, կրթված եւ մասնագիտությանը լիարժեք տիրապետող։