Նյութը՝ Վլադ Մուրադյանից
Լուսանկարները՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից
Տեղադրվել է 29-12-2018
«Ձյունե թագուհին»՝ ռուսական թատրոնի բեմում
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն Ամանորին կներկայացնի «Ձյունե թագուհին» հեքիաթը։
Բեմադրիչ Նորա Գրիգորյանը պատմում է, որ արդեն մեկ ամիս է, ինչ թատրոնում ընթանում են ներկայացման փորձերը։ 

«Այս անգամ ընտրությունս կանգ առավ դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրսիտիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի վրա․բեմականացման եւ երաժշտական ձեւավորման հեղինակն ես եմ։ Ներկայացումն ամբողջությամբ համեմված է դասական երաժշտությամբ»,- կարեւորեց Ն․ Գրիգորյանը։ 


Խոսելով բեմադրական լուծումների մասին՝ բեմադրիչն ասաց, որ ամեն ինչ արել է, որպեսզի ստանա շքեղ ներկայացում։ 

«Փորձել եմ ստանալ գեղեցիկ եւ ակնահաճո ներկայացում։ Հաշվի եմ առել ամեն մի մանրուք։ Մեծ աշխատանք է տարվել բուտաֆորների հետ եւ ոչ միայն։ Բոլոր արտադրամասերն ունեն իրենց լուման»։



Բեմադրիչի խոսքով՝ հետաքրքիր լուծումներ է առաջարկել նաեւ թատրոնի հրավիրյալ պարուսույց Արիկ Ասատուրյանը։ 

«Արիկ Ասատուրյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, եւ պետք է ասեմ, որ նա շատ հետաքրքիր պարային լուծումներ է առաջարկել, եւ այս ոճը նորություններ մեր թատրոնի համար․ պարերի ու շարժումների միջոցով հոգեվիճակ է ներկայացված»։ 

Ն․ Գրիգորյանը վստահ է, որ փոքրիկներին հեքիաթը դուր կգա։ 



«Այս ներկայացման գլխավոր ասելիքն այն է, որ կյանքում ինչ էլ որ պատահի, միեւնույնն է, հաղթելու են սերն ու ընկերությունը։ Ներկայացումն ինտերակտիվ է, եւ փոքրիկները հնարավորություն ունեն «օգնելու» հերոսներին հաղթահարել, այս կամ այն  փորձությունները»։  

Նշենք, որ ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստների ձեւավորումը՝ Լուսինե Կարապետյանը։ 



Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները։  Ներկայացումն ունի երկու կազմ։ 

Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ինչպես նաեւ Խոզուկը՝ տարվա խորհրդանիշը։