Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 26-03-2019
«Ճշմարտություն»՝ նոր ներկայացում Համազգայինի բեմում
Մարտի 23-ին եւ 24-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ հետաքրքիր եւ ինքնատիպ «Ճշմարտություն» ներկայացման պրեմիերան:

Սիրային քառանկյունին  պատմում է երկու ընտանիքի,  երկու ընկերոջ, եւ այս ամենի հետ սերտ կապված ստի եւ ճշմարտության մասին։

Ներկայացումն  առաջին իսկ րոպեներից սիրվեց  հանդիսատեսի կողմից, այդ մասին էին վկայում լեփ-լեցուն  դահլիճը, հանդիսատեսի ծափահարությունները, եւ իհարկե՝ մարդիկ, ովքեր երկու ժամ շարունակ կանգնած դիտեցին ներկայացումը։

Հետաքրքիր լուծումներով  ներկայացման բեմադրիչ ռեժիսորն է՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։ Գլխավոր դերերում հանդես էին գալիս՝  Գագիկ Մադոյանը, Ստեփան Ղամբարյանը, Ալլա Սահակյանը եւ Արմինե Անդրեասյանը։

Գագիկ  Մադոյանի կերպարը՝ Միշելը ներկայացման գլխավոր ստախոսն է, ով ոչ միայն սիրային կապեր ունի իր մտերիմ ընկերոջ կնոջ հետ, այլեւ ջանք չի խնայում ստել սեփական կնոջը, եւ ավելին՝ ստի եւ խաբերության մեջ էլ բնավ վատ բան չի տեսնում։

Հիանալի դերասանական խաղով  հանդես եկող  Գագիկը, իր եւ կերպարի միջեւ ոչ մի ընդհանրություններ չի գտնում․ «Կերպարիս՝ Միշելի ամբողջ կյանքը կառուցված է ստի վրա, եւ հանկարծ  ճշմարտությունը խաթարում է նրա ամբողջ կյանքը։ Ճշմարտությունը գեղեցիկ եւ ցանկալի տղամարդուն դարձնում է անհմայք եւ լքված մարդ»։

Թվում է ներկայացման հերոսների կյանքում ոչ մի պակաս բան չկա երջանիկ լինելու համար, բայց իրականում պակասում է ամենակարեւորը՝ անկեղծությունը։ Ստեփան Ղամբարյանը  ներկայացման մեջ մարմնավորում է Փոլին․ «Շատ զուգահեռ գծեր կարող եմ տանել իմ  եւ Փոլի միջեւ, շատ հակասական գծեր  նույնպես, փորձել եմ ջրի երես հանել իմ մեջ ապրող Փոլին, ով անասելի ընկերասեր է»։

Խոսելով ներկայացման առաքելության եւ ասելիքի մասին՝  դերասանը նշեց, որ հանդիաստեսը ինքը պետք է որոշի ցանկանում է իմանալ եւ ընդունել ճշմարտությունը, ապրել այդ ճշմարտույթան մեջ, թե ոչ։ Ամեն մեկն իր համար յուրովի կընկալի  ներկայացումը։

Դե՛, դուք պատրա՞ստ եք բացահայտել «Ճշմարտությունը»։

Պատկերասրահ՝ «Ճշմարտություն» ներկայացման պրեմիերան