Նյութը՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից
Լուսանկարները՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից
Տեղադրվել է 20-03-2019
Եռօրյա համաժողով Ծաղկաձորում
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը մշտապես կարեւորում է կրթության որակի ապահովման դերը կենտրոնում, կրթության եւ գիտության սերտացումը ակադեմիական միջավայրում:

2019թ. մարտի 15-17-ը  Ծաղկաձորում կազմակերպվել էր եռօրյա «ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջամբիոնային կապերի սերտացում եւ որակի ներբուհական համակարգի զարգացում» համաժողովը:

Համաժողովի նպատակն էր ԳԿՄԿ ամբիոնների լավագույն փորձի փոխանցումը, տարաբնույթ հարցերի ու խնդիրների քննարկումը, ներբուհական որակի բարելավման համակարգի կայացումը:

ԳԿՄԿ ամբիոնները տեղակայված են գիտահետազոտական ինստիտուտներում, ինչը հնարավորություն է ընձեռնում մշտապես հորիզոնական կապ ապահովել ԳԿՄԿ ամբիոնների միջեւ: 

Յուրաքանչյուր ամբիոնի վարիչ հնարավորություն ստացավ ներկայացնել տվյալ ամբիոնի գործունեությունը, կրթական ծրագրերը, ռազմավարությունն ու առաջարկները: Քննարկվեց ամբիոնների եւ մասնագիտությունների միջազգայնացման մակարդակի բարձրացման խնդիրը, արտաքին նոր գործընկերներ եւ արտասահմանյան միջբուհական համագործակցությունների հեռանկարները:

Ինչպես նշեց Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ալբերտ Սարգսյանը՝ «Լինելով հետազոտական համալսարանի նախատիպը Հայաստանում, մենք շատ կարևորում ենք որակի ապահովման մեխանիզմների ներդրումն ու զարգացումը մեր Կենտրոնում, եւ այս ու այսօրինակ միջոցառումները միտված են հենց որակի ապահովման համակարգի տարածմանը»:

Համաժողովի կազմակերպիչ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանի խոսքով՝ սա շատ լավ առիթ է վերհանելու գործող մեխանիզմների թերությունները, բարելավելու որակի ապահովման ներբուհական համակարգը: Համաժողովում ԳԿՄԿ յուրաքանչյուր ամբիոն ներկայանալու հնարավորություն ունեցավ: Հնչեցին տարատեսակ առաջարկություններ, որոշվեց դրանք ներդնել ԳԿՄԿ առաջիկա տարվա գործողությունների իրականացման պլանում: