Նյութը՝ «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ից
Տեղադրվել է 26-03-2019
Ինչպես սկսել ստարտափ` երիտասարդների համար
«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» մեկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, սոցիալապես անապահով ընտանիքների եւ սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:

Միջազգային փորձագետները եւ մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը կսովորեցնեն եւ կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ եւ գիտելիքներ, ինչպես նաեւ գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը  եւ ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ:

Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն 8 պետությունների ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան եւ Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) եւ Հայաստանը, Վրաստանն ու  Ուկրաինան (Արեւելյան գործընկերության երկրներից 3-ը):

Երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը մեծ խնդիր է հանդիսանում եւ նույնիսկ ամենակարեւորը (հատկապես մասնակից երկրներում), որի հետ բախվում են երիտասարդները Եվրոպայում: Խնդիր, որը պահանջում է լուծում: Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 %  է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում), երկրորդը Իտալիան է` 36.6 %, երրորդը Հայաստանը` 35.1 %:

Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր եւ ամփոփում-արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը եւ փոխանակման ծրագիրը: 

Առաջին փուլը կիրականացվի Երեւանում, կտեւի 8 աշխատանքային օր, մարտի 30-ից մինչեւ ապրիլի 7-ը: Այս սեմինարին կմասնակցեն երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ եւ 8 ՀԿ-ների   ղեկավարներ: 

Յուրաքանչյուր 8 երկիր կներկայացնի գործազրկության, երիտասարդության ներգրավվման, առաջնորդության, ձեռներեցության թեմայով մասնագիտացած 3 պատվիրակներ: Աշխատանքային օրերի ընթացքում մասնագետները կքննարկեն յուրաքանչյուր մասնակից երկրի գործազրկության խնդիրը, յուրաքանչյուր երկիր-պատվիրակություն մանրամասն կներկայացնի իրենց երկրում առկա խնդիրները, ինչպես է իրենց երկիրը եւ կազմակերպությունը  երիտասարդներին աջակցում:  

Կհրավիրվեն ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացված պրոֆեսիոնալ փորձագետներ, որոնք իրենց գիտելիքները եւ փորձը կփոխանցեն երիտասարդ առաջնորդներին, որոնք էլ իրենց հերթին կօգնեն երիտասարդներին սկսել ստարտափ ծրագրեր:

Ծրագրի գնահատման վերջին  փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019 թ. հոկտեմբերին:

Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային եւ տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: Ուղեցույցը հասանելի է լինելու  մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով,  ինչպես նաեւ կգործի մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը կպարունակի բոլոր տեղեկությունները, նյութերը եւ փորձագետների կոնտակտները: 

Կստեղծվի նաեւ տեսաֆիլմ արդյունքների մասին: Այս ծրագիրը, անկասկած, կլինի  մասնակից երկրների եւ փորձագետների միջեւ շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:

Ծրագիրը համակարգող  կազմակերպությունը  «Կրթական եւ մշակութային կամուրջներ» ՀԿ-ն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանում եւ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեղական եւ միջազգային մակարդակով: