Նյութը՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտից
Տեղադրվել է 27-03-2019
«Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» երիտասարդական գիտաժողով
2019թ. ապրիլի 18-19-ին Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» թեմայով երիտասարդական գիտաժողով:

Ցեղասպանագիտությունը գիտական ուղղություն է, որն ուսումնասիրում է ցեղասպանության եւ նաեւ որոշ այլ զանգվածային սպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը: 

Յուրաքանչյուր տարի բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվում տարբեր երկրներում հեղինակավոր գիտնականների մասնակցությամբ: Աշխարհի լավագույն համալսարաններում գործում են Ցեղասպանագիտության ամբիոններ եւ ծրագրեր: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում նույնպես իրականացվում է Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագիրը:

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ, ԼՂՀ եւ արտասահմանյան բուհերի եւ գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, մագիստրանտներ եւ ասպիրանտներ:

Գիտաժողովի զեկույցները կարող են առնչվել տարբեր ոլորտների՝ պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հոգեբանություն, սոցիոլոգիա եւ այլն: Զեկույցները կարող են ընդգրկել ինչպես Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ Հրեական հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի, Բանգլադեշի եւ այլ ժողովուրդների հանդեպ գործած ցեղասպանություններին, ինչպես նաեւ մարդկության դեմ այլ հանցագործություններին վերաբերվող թեմաներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ 2019թ. ապրիլի 1-ը ներկայացնել զեկուցումների թեմաների առաջարկությունները հակիրճ նկարագրականով (շուրջ 250 բառ), ինչպես նաեւ զեկուցողի CV-ն ysu.genocide.studies@gmail.com էլ. հասցեով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի կազմկոմիտեն՝
Սուրեն Մանուկյան, պ.գ.թ
Աշոտ Հայրունի, պ.գ.դ
Նելի Աբրահամյան