Նյութը՝ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամից
Լուսանկարները՝ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամից
Տեղադրվել է 30-03-2019
350 արցախցիներ համալրեցին ռեեստրի կամավորների շարքերը
Մարտի 26-ին եւ 27-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ անցկացրեցին հերթական արդյունավետ եւ հիշարժան դոնորագրումները Արցախում:

Դոնորահավաքները տեղի ունեցան Արցախի  Հանրապետության ոստիկանությունում, Արցախի պետական եւ Շուշիի Տեխնոլոգիական համալսարաններում, Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջում, ինչպես նաեւ Արցախի Հանրապետական Բժշկական կենտրոնում: 

Ինչպես միշտ տպավորիչ էր արցախցիների պատրաստակամությունն ու կազմակերպվածությունը: Այս անգամ ռեեստրի կամավորների շարքերը համալրեցին 350 դոնորներ: Արցախի երիտասարդությունը առանց վարանելու օգնության ձեռք մեկնեց այն հիվանդներին, որոնց միակ փրկությունը ցողունային բջիջների փոխպատվաստումն է: Գուցե մշտական վտանգի զգացումն է, որ ուրիշներին սատար կանգնելու անհրաժեշտությունը դարձնում է մտածելակերպ եւ կյանքի սկզբունք:

Այս պահին ռեեստրում կան հիվանդներ, որոնք դժբախտաբար դեռ չեն գտել համատեղելի դոնորներ: Նրանց շարքում կան նաեւ հիվանդներ Արցախից: Հուսով ենք որ այս 350 նոր կամավորները կկարողանան օգնել այդ հիվանդներին:  

Արդեն 20 տարի է, ինչ հիմնադրամը նվիրվել է լեյկեմիայի եւ արյան չարորակ այլ հիվանդությունների դեմ պայքարին՝ ձգտելով օգնել աշխարհասփյուռ հայերին եւ օտարազգիներին հաղթահարել այդ մահացու հիվանդությունները: