Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գոհար Մնացականյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 30-03-2019
Գոհար Մնացականյան. «Ոգեւորվածությունն օգնում հաղթահարել ցանկացած դժվարություն»
Eritasad.am-ն իր «Հաջողության գրավականը» խորագրի ներքո շարունակում է ընթերցողներին ներկայացնել հայ տաղանդավոր երիտասարդներին, որոնք մասնագիտական բազմաթիվ հաջողություններ են գրանցել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Այս անգամ «Հաջողության գրավականը» խորագրում իր մասին է պատմում երիտասարդ նկարիչ, մանկավարժ Գոհար Մնացականյանը:

Մասնագիտության ընտրություն, շրջադարձային որոշումներ...

Դեռ փոքրուց սիրել եմ նկարել: Ծնողներս, նկատելով սերս եւ ձգտումներս նկարչական արվեստի հանդեպ, որոշել են ինձ նկարչական խմբակ տալ: Երբ արդեն 8-րդ դասարանում էի սովորում, հստակ որոշել էի, որ պետք է շարունակեմ նկարել, քանի որ առանց դրա չէի պատկերացնում: Որոշել էի ընդունվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ: Բայց, ինչպես ցանկացած ընտանիքում, մեր ընտանիքում եւս մասնագիտություն ընտրելու հետ կապված քննարկումներ ու խոսակցություններ էին լինում: Ընտանիքս կարծում էր, որ դեռ փոքր եմ, ինձ համար դժվար կլինի Երեւանում սովորել: Եվ ես որոշեցի ընդհանրապես թողնել նկարչությունը եւ չնկարել: Մասնագիտական կողմնորոշվածությունս ուղղեցի դեպի տնտեսագիտություն: Եվ պատահեց այն, ինչ պատահեց. Սեւանում ընդունվեցի քոլեջ` հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն բաժին: Բնականաբար, քոլեջից հետո արդեն պետք է շարունակեի կրթությունս: Սկսեցի պարապել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար: Վերջին կուրսում, սակայն, կյանքումս կարելի է ասել շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: Միջոցառումներից մեկի ժամանակ պատահաբար հանդիպեցի Սեւանի արվեստի դպրոցի տնօրենին, ով առաջարկեց գնալ դպրոց եւ նկար նկարել: Անկեղծ ասած` միշտ երազել էի նման առաջարկ ստանալ: Առաջարկն ընդունեցի, գնացի, սակայն այլեւս չվերադարձա համալսարան: Երբեք չեմ զղջացել այդ որոշման համար: Այո', որոշումս կտրուկ էր, սակայն ես գիտակցում էի, որ ցանկանում եմ շարունակել նկարել եւ զբաղվել ինձ հարազատ ու սիրելի գործով: Որոշեցի կրթությունս շարունակել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստ եւ գծագրություն բաժնում:

«Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի ղեկավար

Համալսարանում լավ էի սովորում եւ բոլորը սպասում էին, որ պետք է շարունակեմ կրթությունս նաեւ ասպիրանտուրայում, որից հետո որպես դասախոս աշխատեմ: Սակայն, իմ բնավորության համաձայն, մեկ օրում նորից որոշում կայացրի: Լավ հիշում եմ այդ օրը, երբ թղթերս վերցրի, գնացի համալսարան, որպեսզի ընդունվեմ ասպիրանտուրա, կանգնեցի համալսարանի դիմաց ու հասկացա, որ չեմ ցանկանում: Անկեղծ ասած` կյանքում միշտ հոսանքին հակառակ եմ շարժվում, բայց չեմ կարող ասել` ինչու: Վերադարձա Սեւան, ծանոթացա այն աղջիկների հետ, որոնց հետ միասին ստեղծեցինք Սեւան երիտասարդական ակումբը: Որոշումը եւս հստակ էր, քանի որ ցանկանում էինք ունենալ մի կառույց, որը կմիավորի մեր նման մարդկանց: Այդպես էլ եղավ: Արդեն մոտ 10 տարի գործում է մեր ակումբը, տարբեր սերունդներ ենք ունեցել, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել տարբեր միջոցառումների: 

Ստեղծագործական աշխատանքների անկյունը` արվեստանոցը

Ունեմ փոքրիկ արվեստանոց, որտեղ տարբեր տարիների աշխատանքներս են` սկսած ուսանողական տարիներից: Սակայն ոչ բոլոր նկարներն են արվեստանոցում: Իրականում ուսանողական տարիներին շատ ակտիվ եմ աշխատել, շատ նկարել: Կերամիկայից պատրաստված զարդերի շարք եւս ունեմ: Տարիներ առաջ ակտիվ զբաղվում էի նաեւ զարդերի պատրաստմամբ եւս: Բայց արվեստանոցն այն վայրն է, որտեղ հաճախ եմ լինում: 
 


Ոգեշնչման աղբյուրը` Սեւանը

Իմ ոգեշնչման աղբյուրը մեր լիճն է` Սեւանը: Երբ հոգնում եմ, երբ ուզում եմ մտածել, մենակ մնալ, մտքերով խառն եմ, ինձ համար ամեն ինչից ցրվելու միջոցը, ավելին` դեղամիջոցը Սեւանն է: Տարվա ցանկացած եղանակի սիրում եմ Սեւանի ափին նստել, զբոսնել: Այն լիցքավորում է ինձ: Ավելին՝ սիրում եմ նկարել հենց Սեւանի ափին: Անկեղծ ասած` ունեմ նաեւ իմ սիրելի անկյունը, որի մասին, առաջ միայն ես գիտեի, իսկ հիմա նաեւ ընկերներս: Քարափում հաճախ եմ լինում, այդտեղ շատ մտքեր են առաջացել, որոնք իրականացվել են, շատ նկարներ են ստեղծվել: Սեւանն ուրիշ աշխարհ է: 
 


Գլխարկների հանդեպ սերը

Գլխարկներ շատ եմ սիրում: Դեռ ուսանողական տարիներից կրել եմ: Սկզբում զուտ արեւից պաշտպանվելու համար, սակայն հետո հասկացա, որ շատ եմ սիրում: Սկսեցի տարբեր գլխարկներ կրել: Բայց կանաչ գլխարկն իհարկե առանձնահատուկ է, քանի որ սիրում եմ կանաչ գույնը: Կանաչ հագուստով ու գլխարկով կարելի է ասել ներդաշնակություն եմ զգում: 
 


«Բոհեմ» արվեստանոց-թեյարանի ստեղծումը...

Իրականում, ինչ ես սկսել եմ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվել, մշտապես գաղափար եմ ունեցել, որ մշակութային մի վայր լինի: Սակայն մեր երկրում չգիտես ինչու նման նախագծերը չէին ֆինանսավորվում: Մեր կազմակերպության գործունեության ընթացքում մշակութային գիծը մենք մշտապես պահել ենք, քանի որ փոքր քաղաքներում դրա պակասը կա: Այսինքն` չկա մի կառույց, որ դրա պակասը, բացը լրացնի: Երբ ունեցանք հնարավորություն, ապա որոշեցինք օգտվել:  Էստեղ եւս հոսանքին հակառակ միտք ծագեց. վերցնել խնդիր, որն իսկապես մեզ համար խոչընդոտ է եւ փորձենք լուծել: Բոլորի համար տարօրինակ էր, որ կարող ենք հաջողության հասնել, ավելին`  արդյունքում ունենալ նաեւ բիզնես:  Ներդրեցինք մեր ուժերը, հաշվի առանք ռիսկերը, հսկայական աշխատանք տարանք ու արդյունքում ունեցանք  «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը, որն արդեն 1,5 տարեկան է: Այս տարիների  ընթացքում շատ հյուրեր ենք ունեցել, զբոսաշրջիկներ, կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ: 



Հեծանվային փոքրիկ կարիերա...

Տարիներ առաջ Սեւանում մի նախագիծ իրականացրինք, որը կոչվում էր Հեծանվային հեղափոխություն: Նպատակն այն էր, որ մարդկանց մեջ կոտրեինք կարծրատիպերը, քանի որ շատերը, անգամ 14-15 տարեկան պատանիներն ամաչում էին հեծանիվ վարելուց: Մի շարք միջոցառումներ իրականացրինք: Այդ ժամանակը համընկավ իմ` Ֆրանսիայում գտնվելու հետ, որտեղ հեծանվային սպորտի ջատագովներից մեկի հետ ծանոթացա: Առաջարկեց մեր երկրից աղջիկ հեծանվորդների թիմ հավաքել եւ մասնակցել մրցույթի: Ես վերադարձա Հայաստան, հավաքեցի թիմը, որոշ ժամանակ մարզվեցինք, մեկնեցինք Ֆրանսիա եւ շատ հաջող ելույթ ունեցանք: Ոչ ոք չէր սպասում, որ 24 ժամ կարող են հեծանիվ վարել` իրար փոխանցելով: Զարմանքը մեծ էր, քանի որ նրանց համար անակնկալ էր, որ մի քանի ամսվա պարապմունքները կարող են նման արդյունք տալ: Ցավոք, իմ հեծանվային կարիերան այդքանով սկսվեց եւ ավարտվեց: Բայց շատ եմ սիրում հեծանիվ վարել: 
 


Նախասիրությունները...

Ցավում եմ շատ ազատ ժամանակ չունեմ, բայց, եթե ունենում եմ, ապա միշտ նկարում եմ: Բացի դա, սիրում եմ նաեւ լուսանկարել: Լուսանկարչական ապարատս մշտապես ինձ հետ է, քանի որ միշտ գեղեցիկ պահեր են լինում, որոնք պետք է անմահացնել: Ճանապարհորդել եւս շատ եմ սիրում: Մի շարք երկրներում եմ եղել` Վրաստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Մոլդովայում: Կուզեի Արևելյան երկրներ եւս  այցելել: Առհասարակ սիրում եմ մշակութային ցանկացած վայր: 
 


Մանկավարժական գործունեությունն ու երեխաների հետ աշխատանքը


Դասավանդում եմ Գեղագիտության ազգային կենտրոնի Սեւանի մասնաճյուղում: Երեխաների հետ շփվելը, նրանց հետ աշխատելն այլ հաճույք է: Այն ոչ մի բանի հետ հնարավոր չէ ո'չ չափել, ո'չ համեմատել: Շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնցից մենք` մեծերս, շատ բան ունենք սովորելու: Նրանց աշխարհն  այլ է, խորը: Նրանց հետ պետք է հատուկ աշխատանք տանել, որպեսզի իրենց ստեղծագործական ունակություններն ու ձեռագիրը միշտ պահեն, զարգանան: Սաներս պարզապես հրաշք են: Նրանց մեծ ապագա է սպասվում: 

Հաջողության գրավականը...

Երեւի իմ ոգեւորվածությունը: Ես եթե մի բան անում եմ, ապա դա հաստատ մեծ ոգեւորվածությամբ եմ անում, եւ, բնականաբար, ցանկանում եմ, որպեսզի ամեն բան լավ անեմ: Դա շատ կարեւոր է: Վերջերս եմ նկատել, որ շատ լավ մարդիկ կան` մեծ ռեսուրսներով, կարողությամբ, սակայն, ցավոք չկա այն ոգեւորվածությունը կայծը, որը պետք է: Հենց այդ ոգեւորվածությունն է օգնում հաղթահարել ցանկացած դժվարություն, խոչընդոտ, որ հանդիպում է ճանապարհին: