Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Կորյուն Աղաջանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 02-04-2019
Կորյուն Աղաջանյան. «Ամեն ինչի հիմքում անկեղծությունը պետք է լինի»
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք ներկայացնել այն երիտասարդներին, որոնք աչքի են ընկնում բազմակողմանի զարգացվածությամբ, աշխատասիրությամբ եւ գրանցած հաջողություններով:

Այս անգամ խորագրի հյուրը Կորյուն Աղաջանյանն է: Իսկ թե որ ոլորտներում է նա գործունեություն ծավալում, կպատմի ինքը` Կորյունը (Կոկ):

Մասնագիտության ընտրություն, այլընտրանքային մասնագիտություններ...

Ինչպես շատ ընտանիքներում, այնպես էլ մեր ընտանիքում, մասնագիտության ընտրության հարցի հետ կապված քննարկումներ եւ խոսակցություններ եւս եղել են: Կարծում եմ դա այն տարիքն է, երբ լիարժեք գիտակից վիճակում չես, ուստի ուղղորդող խորհուրդները շատ կարեւոր են: Ես էլ անմասն չեմ մնացել դրանից: Հայրս մասնագիտությամբ ինժեներ է, ավելին՝ բարեկամներիս մեծ մասը հենց IT ոլորտի ներկայացուցիչներ են, ուստի կարելի էր հասկանալ, որ մասնագիտության ընտրությունը կանգ էր առնելու հենց այդ ուղղությամբ: Որոշեցի հետեւել ընտանիքիս խորհրդին եւ ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան` Էներգետիկայի բաժին: Իհարկե, այդ շրջանում այլ հետաքրքրություններ եւս ունեի: Բանասիրության ֆակուլտետի մասին եւս մտածել եմ, քանի որ շատ էի սիրում կարդալ: Բայց դրա հետ կապված իրար հակասող զգացողություններ ունեի` ոլորտը որքան հարազատ էր թվում, այնքան նաեւ խորթ էր: Գուցե չէի պատկերացնում ինձ այդ ոլորտում` հետագայում: Հետաքրքրում էր նաեւ լրագրության ոլորտը, ինչպես նաեւ թատերականը, ռեժիսուրան: Բայց, ի վերջո, որոշեցի ընտրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ինչի համար երբեք չեմ զղջում: 

Հոգեբանություն. երկրորդ մասնագիտության ընտրություն...

Պոլիտեխնիկն ավարտելուց հետո`2 տարի անց, որոշեցի շարունակել կրթությունս, սակայն լրիվ այլ ուղղվածությամբ` հոգեբանության: Քանի որ շատ էի ուզում լիարժեք ուսումնասիրել ոլորտը, ուստի սկսեցի փնտրել համապատասխան հաստատություն: Ի վերջո ընտրեցի ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Իրականում, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ ոլորտն ինձ միշտ է հետաքրքրել, բայց գուցե ենթագիտակցության մակարդակով: Միշտ ինձ հետաքրքրել է անձի հոգեբանությունը: Ավելին, երբ 2015թ. գրքիս վրա էի աշխատում, հասկանում էի, որ շատ բաներ չգիտեմ եւ կարիք ունեմ ուսումնասիրել, սովորել:  Ընդ որում, հոգեբանության բաժին ընդունվելու որոշումս մեկ գիշերում եմ կայացրել: Բայց շրջապատս միանշանակ չընդունեց որոշումս: Դա հասկանալի էր ինձ համար, որովհետեւ այն կարծրատիպն է տարածված, որ Հայաստանում ոլորտը զարգացած չէ եւ գուցե զարգացման միտում չունի: Բայց, քանի որ որոշումներիս կայացման հարցում հաստատակամ եմ, շարժվեցի առաջ: Այս մեկ տարվա ընթացքում, ինչ ուսումնասիրում եմ հոգեբանություն, հասկանում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:  
 


Ռեփն ու հետագա ստեղծագործական ուղին...

Ստեղծագործություններս հիմնականում քառյակների տեսքով են: Վստահ կարող եմ ասել, որ, իրականում, հոգեբանական դժվարին իրավիճակներից դուրս գալու լավագույն դեղամիջոցը հենց գրելն է եղել: Այս միտքն առավել ամրապնդվեց ինձ մոտ այս մեկ տարվա ընթացքում, երբ սկսեցի հոգեբանություն ուսումնասիրել: 14-15 տարեկանից սկսել եմ գրել: Սկզբում դրանք ռեփի բնույթ էին կրում, որոնք երգի վերածվեցին: Բայց հասկացա, որ ռեփը որոշակի սահմանափակումներ ունի: 

Անկեղծ ասած` ինչ տեղի է ունենում կյանքումս, միշտ փորձում եմ վերլուծել եւ հասկանալ, թե ինչի արդյունք էր դա: Հայացք գցելով դեպի անցած տարիներ՝ հասկանում եմ, որ ամեն ինչ տանում է դեպի հոգեբանություն: Ռեփով զբաղվելու շրջանը, կարելի է ասել, դրական անդրադարձ ունեցավ իմ կյանքում, քանի որ այն օգնեց հաղթահարել խոսելուս հետ կապված խնդիրը. կակազում էի: Այդ ստեղծագործական ընթացը շատ կարեւոր ու հետաքրքիր էր իմ կյանքում, անգամ` շրջադարձային: Բայց հիմա առավել շատ դասական երաժշտություն եմ նախընտրում լսել` Մոցարտ, Վիվալդի եւ այլն: 


 
Քո հետքերով...

Անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձությունն ինձ ենթագիտակցորեն մղեց գրելուն: Ես վերջնական համոզվեցի, որ գրելը շատ է օգնում: Դա այն շրջանն էր, երբ ստեղծվեց  «Քո հետքերով» գիրքը, որը միակ տպագրվածն է: Այն 4 ամսվա կուտակված մտքերի ամբողջություն է`վիպակի տեսքով: Կարելի է ասել` իրականության արտացոլում. այն, ինչ եղել է իմ մեջ: Անեղծ ասած` վերնագրի ընտրությունը շատ բարդ է տրվել: Մի քանի տարբերակներ կային, որոնցից դժվար էր ընտրություն կատարել: Բայց երկար մտածելուց, հետհայացք գցելով հասկացա, որ այն, ինչ հանձնել եմ թղթին` հետքերի հետ է կապված` սկզբից մինչև վերջ: 

Շապիկի ընտրությունը եւս պատահական չէր: Նկարն ունեցել եմ, երբ դեռ 14 տարեկան էի: Անկեղծ ասած` դժվարանում եմ հիշել, թե այդ նկարն ինչպես է ինձ մոտ հայտնվել, սակայն այն խորհրդանշական նշանակություն ուներ: 
 


Առաջիկա պլանները...

Առաջիկայում շատ պլաններ կան, որոնք նպատակ ունեմ իրագործել: Ուրախ եմ, որ ինձ մոտ գաղափարները, երբ ծագում են, կաղապարված չեն: Բայց դա ամենեւին կապված չէ ձեռագրի փոփոխության հետ, այլ ավելի շատ՝ աշխարհայացքի: Այն միայն դրական անդրադարձ է ունենում: Իհարկե մտադիր եմ ավարտին հասցնել նաեւ մի շարք աշխատանքներ` վիպակների տեսքով: Ցանկացած ստեղծագործություն ծնվում է հուզական ապրումների հետևանքով: Ես առհասարակ էմոցիոնալ մարդ եմ: 

Կորյո՞ւն, թե՞ Կոկ

Երևի 9-10 տարի առաջ էր, երբ ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը սկսեց ինձ Կոկ կոչել: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ինձ նման տարբերակը դուր է գալիս: Կորյուն անունը շատ պարտավորեցնող է, բացի այդ՝ դրա նշանակությունը որոշակի խանգարող հանգամանք էր երբեմն: Անունս սիրում եմ, բայց նախընտրում եմ, երբ ինձ դիմում են հենց Կոկ: Շատ քչերն են Կորյուն ասում:



Հետաքրքրություններն ու սիրելի զբաղմունքը...

Միշտ ինձ շախմատը հետաքրքրել է. սիրում եմ խաղալ: Հետաքրքրված եմ նաեւ դաջվածքներով: Առհասարակ դա արվեստ է ինձ համար: Երաժշտություն եւս շատ եմ սիրում: Իսկ ազատ ժամանակ մշտապես կարդում եմ: Գրքերն իմ կյանքում մեծ նշանակություն են ունեցել եւ ունեն: Ինչքան կարդում եմ, այնքան հասկանում եմ, որ դեռ ընդամենը 5% եմ կարդացել: Ֆիլմեր եմ շատ սիրում դիտել: Հիմնականում` իրական փաստերի վրա նկարահանված: Վերջերս դիտում էի Էյնշտեյնի կյանքը պատմող ֆիլմաշարը: Շատ հետաքրքիր էր: 

Հաջողության գրավականը...

Առհասարակ կյանքում շատ եմ կարեւորում անկեղծությունը: Կարծում եմ, որ ամեն ինչի հիմքում հենց անկեղծությունը պետք է լինի: Այն, ինչ կապված է շահի հետ, չի կարող երբեք երկար կյանք ունենալ, քանի որ մի օր այն կործանվելու է: Կյանքում կարեւորում եմ նաեւ հոգեւոր արժեքները, որովհետեւ դրանք շատ անհրաժեշտ են: Այսօր ամեն ինչ արտաքինի ու գումարի վրա է հիմնված,  ուստի հոգեւոր արժեքների առկայությունը կարեւոր է: Հուշող ենթագիտակցությունը եւս կարեւոր է, որը կարող է գիտակցությանը հաղթել: Մեր գիտակցությունը միշտ սահմանափակ է, իսկ ենթագիտակցությունը` ազատ: Եվ իհարկե, կարեւոր է նաեւ մի փոքր խենթ լինել: Այն օգնում է առավել ընդլայնված նայել երեւույթներին: 

Ես հոգնել եմ...
Առօրյա հոգսերից
Դեն նետել ուսերից
Բեռը դարսած 
Անցած–գնացած օրերից…

Ես հոգնել եմ
Միանման ճամփեքից
Այդ նույն քայլերից
Տնից կանգառ՝ հետ նորից
Նույն պատկերը էկրանից…

Ես հոգնել եմ
Դժգույն դեմքերից
Չարացած մտքերից
Վաղուց սառած սրտերից
Գրողի տարած շարժումից
Հավերժական՝ ձանձրալի..

Ես հոգնել եմ
Կոմֆորմիստ ժեստերից
Մատուցվող սկուտեղից
Մարդկանցով լի
Արդեն վաճառվող լիուլի...

Ես հոգնել եմ
Շինծու ժպիտներից
Քաղքենի բարքերից
Ոչինչ չասող
Անտարբեր աչքերից…

Անճաշակ գեղեցկություն 
Եկած հոգու դատարկությունից…

Ես հոգնել եմ
Իմ ու քո անվերջ խաղերից
Անվերջ տագնապից
Քեզ տեսնելուց 
Արագ սրտիս զարկերից…

Ենթագիտակցական
Ամեն պահ և հուշում
Հոգնել եմ գիտակցելուց
Ամեն անգամ գիշերում…

Բայց ես հոգնել եմ
Նաև ինքս ինձնից
Անվերջ պտտվող մտքերից
Այդ անսպառ հարցերից
Որ տանում են շատ հեռու
Կտրելով իրական կյանքից